Սուրենյանց. Սա պատմություն է Արևմուտքի երկակի ստանդարտների ու ցինիզմի մասին
Քաղաքական
09:33 24/05/2024
Հայաստան

Սուրենյանց. Սա պատմություն է Արևմուտքի երկակի ստանդարտների ու ցինիզմի մասին

«Երեկ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան քվեարկել է մի բանաձևի օգտին, որով սահմանվում է Սրեբրենիցայի ցեղասպանության օր: 1995-ին բոսնիացի սերբերի կողմից սպանվել է 8000-ից ավելի բոսնիացի: Այս իրադարձությունների համար բոսնիացի սերբերի առաջնորդներ Ռադովան Կարաջիչը, Ռադկո Մլադիչը և մյուսները միջազգային դատարանների կողմից դատապարտվել են, ըստ էության՝ միջազգային մակարդակով տրվել է իրավա- քաղաքական գնահատական»,-նշում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

Նրա խոսքով, հիմա այս բանաձևը, որը նախաձեռնվել է Գերմանիայի, ԱՄՆ-ի, արևմտյան այլ երկրների կողմից, ըստ էության՝ քաղաքական նպատակ է հետապնդում, որը մի կողմից, ուղղված է «անհնազանդ» Սերբիային պատժելուն, մյուս կողմից՝ կարող է «պայթեցնել» Բալկանները, դառնալ Բոսնիա-Հերցոգովինայի քայքայման, նոր պատերազմների պատճառ:

«Այն Արևմուտքը, որը հանդուրժում և խրախուսում է Նեթանյահուի կառավարության ցեղասպան քաղաքականությունը, ահաբեկում է նրան ձերբակալելու օրդեր տալու միջնորդություն ներկայացրած ՄՔԴ դատախազին, հրաժարվում է Արցախում տեղի ունեցածը էթնիկ զտում որակել, 30-ամյա վաղեմություն ունեցող և արդեն միջազգային գնահատականի արժանացած իրադարձություններն օգտագործում է որպես գործիք՝ իր աշխարհաքաղաքական նպատակների համար, եթե անգամ դրա հետևանքը կարող են դառնալ նոր պատերազմն ու զոհերը:
Սա պատմություն է Արևմուտքի երկակի ստանդարտների ու ցինիզմի մասին:

Հ.Գ.- բարեբախտաբար, Հայաստանի ներկայացուցիչը չի միացել այս նախաձեռնությանը՝ գերադասելով ձեռնպահ քվեարկությունը»,-գրում է քաղաքագետը։

Placeholder
Սուրենյանց. Սա պատմություն է Արևմուտքի երկակի ստանդարտների ու ցինիզմի մասին