Պոլսո Պատրիարքական Աթոռը իր զորակցությունն է հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին
Հասարակություն
22:06 31/05/2024
Հայաստան

Պոլսո Պատրիարքական Աթոռը իր զորակցությունն է հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին

Պոլսո Պատրիարքական Աթոռի տարածած հայտարարության մեջ ասվում է․

«Պոլսոյ Պատրիարքական Աթոռը օրերէ ի վեր ուշադրութեամբ կը հետևի՝ Մայիսի 28-ին, Հայաստանի Հանրապետութեան ոստիկանութեան կողմէ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին դէմ կատարուած անարգանքին և ցաւալի դէպքի արձագանգներուն։

Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ նուիրապետական աթոռներու զօրակցութեան տրամաբանութեամբ արժևորումը տարակոյս չի թողուր, որ մտահոգիչ նման դէպքերը պէտք չէ երբեք կրկնուին։

Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի անձին մէջ կը մարմնաւորուի Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին և անոր աշխարհացրիւ հօտի խղճի ու պաշտամունքի ազատութիւնը։ Ամէն տեսակ քաղաքական հանգամանքէ անկախ՝ քաղաքակիրթ աշխարհի որդեգրած արժէքներուն դէմ ոտնձգութիւնը, դժբախտաբար, անհեռանկար է Հայաստանի տեսակէտէ։

Պոլսոյ Պատրիարքական Աթոռը կը բաժնէ Հայաստանեայց Առաքելական Եկեղեցւոյ բոլոր նուիրապետական աթոռներուն կողմէ արտայայտուած դիրքորոշումը և հայ աշխարհին մէջ յառաջացած պոռթկումը՝ կրկնելով իր ամբողջական զօրակցութիւնը ի նպաստ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և անոր Գահակալին։

Կ՚աղօթենք շարականի բառերով. «Թագաւոր Երկնաւոր, զեկեղեցի քո անշարժ պահեա, և զերկրպագուս անուանդ քում պահեա ի խաղաղութեան. Ամէն։

31 Մայիս 2024

14533

ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹԻՒՆ ՀԱՅՈՑ»

Placeholder
Պոլսո Պատրիարքական Աթոռը իր զորակցությունն է հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին