Գրեթե 100 տոկոսով վստահ եմ՝ նոր իշխանությունները կարողանալու են հարցն ապօրինի ճանապարհից բերել օրինական դաշտ. Սերժ Սարգսյան
Քաղաքական
17:38 31/05/2024
Հայաստան

Գրեթե 100 տոկոսով վստահ եմ՝ նոր իշխանությունները կարողանալու են հարցն ապօրինի ճանապարհից բերել օրինական դաշտ. Սերժ Սարգսյան

«Եթե որևէ մեկը կարծում էր, որ սահմանազատման ապօրինի գործընթացից հետո   ադրբեջանցիներն ասելու են՝ ապրեն հայերը և ամեն ինչը նորմալ է, այդ մարդիկ միամիտ են»,- դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Հարցին՝ այսինքն խաղաղություն չի՞ լինի, ինչպես քարոզում են իշխանությունները, նա պատասխանեց. «Խաղաղությունը հարաբերական հասկացողություն է։ Ի՞նչ է նշանակում խաղաղություն չի լինի։ Եթե Ադրբեջանն այսօր հայտարարի, որ ամեն ինչ լավ է ընթանում, արդյո՞ք դա երաշխիք է, որ վաղը չէ մյուս օրը կարծիքը կարող է չփոխել։ Այդպիսի բաների երաշխիք չկա։ Խաղաղության երաշխիք միայն, մեծ մասամբ նկատի ունեմ, կախված է այդ երկրի ունակությունից՝ ապահովելու իր քաղաքացիների անվտանգությունը։ Այդքան մի բան»։

Սերժ Սարգսյանն ասաց, որ կապիտուլացված ղեկավարը չի կարող բանակցություններ վարել. «Դրա համար եմ ասում՝ չգիտեմ, որտեղով են մտածում, որ այդպես են անում»։

Հարցին՝ Դուք ինչպե՞ս կլուծեիք այս խնդիրը, որը ծագել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև, ՀՀ երրորդ նախագահը պատասխանեց. «Շատ  պարզ լուծվելիք խնդիր է. կա միջազգային փորձ, կան միջազգային ատյաններ։ Եթե Հայաստանը չհրաժարվեր այս երկու հանգամանքից, ապա  բոլորովին այլ կերպ կլիներ։

Չի կարող Եվրոպայի խորհուրդը կամ Եվրոպական միությունը իր նշած ստանդարտներից կամ ցած իջնել կամ վեր բարձրանալ։ Ես ասել եմ՝ անմիտություն է առանց միջնորդների վարել բանակցություններ»։

Սերժ Սարգսյանը վստահ է, որ եթե  լինեին միջնորդներ, Տավուշում սահմանազատումն այլ ճանապարհով կլիներ. «Կընթանար հետևյալ կերպ. նախ կունենայինք հստակ դիրքորոշում, ինֆորմացիա, թե ինչի հիման վրա են անում սահմանազատումը, սահմանագծումը»։

Հարցին, եթե լինի իշխանափոխություն, հնարավո՞ր է նոր իշխանությունները վիճարկեն արդեն տեղի ունեցած գործընթացները, օրինակ, հանել սահմանասյուները,  Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Դա չափազանց բարդ կլինի անել, բայց այս դեպքում էլ լուծումներ կան։ Չխոսենք այդ մասին, բայց գրեթե 100 տոկոսով վստահ եմ, որ նոր իշխանությունները կարողանալու են հարցն ապօրինի ճանապարհից բերել օրինական դաշտ։ Կարողանալու են՝ խաղաղ ճանապարհով»։

Հարցին՝ ինչո՞ւ դա չի անում Նիկոլ Փաշինյանը, նա պատասխանեց․ «Որովհետև նա կապիտուլյանտ է։ Ձեռքերը բարձրացրել, հանձնվել է, դիմացինն էլ պահանջում է»։

Placeholder