«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը կանխիկ դրամական միջոցների ստացման աղբյուրը չի հայտարարագրել
Օրվա մամուլ
09:00 04/06/2024
Հայաստան

«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը կանխիկ դրամական միջոցների ստացման աղբյուրը չի հայտարարագրել

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Հանրության մեջ տարբեր հարցումներով ամենատխրահռչակ պատգամավորներից Անդրանիկ Քոչարյանը 2021 թվականի հունիսի 20-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ընտրվել է ԱԺ պատգամավոր, դարձել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ Անդրանիկ Քոչարյանը մինչ 2018 թվականի հեղափոխությունը անվտանգության հարցերով փորձագետ է եղել տարբեր կազմակերպություններում։

Սակայն, հարկ է նշել, որ դեռ 1990-ականներից իշխանության տարբեր շարքերում ևս գործունեություն ծավալել է։ 2019 թվականին ներկայացրած 2018 թվականի պաշտոնական պարտականությունները ստանձնելու հայտարարագրում Քոչարյանը հայտարարագրել է ընդամենը 1 բնակարան բազմաբնակարան բնակելի շենքում և 1 ավտոտնակ։

Նրա ֆինանսական միջոցները, պաշտոնը ստանձնելու ժամանակ, կազմել են ընդամենը 5 մլն դրամ։

ԱԺ պատգամավոր Քոչարյանի 2018 թվականի հայտարարագիրը նման սուղ և ոչ ինֆորմատիվ էր, սակայն նույնը չենք ասի անձի՝ 2023 թվականի գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրի մասին։ 2023 թվականի հայտարարագրից հասկանում ենք, որ իշխող ՔՊ կուսակցության կարկառուն դեմք համարվող Քոչարյանը 6 տարիների ընթացքում ևս մեկ բնակարան է ձեռք բերել։ Բնակարանը, որը գտնվում է Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, ըստ հայտարարագրի, պատգամավորը ժառանգություն է ստացել 2020 թվականին, սակայն ում կողմից՝ անհայտ է։

Անդրանիկ Քոչարյանի տարեկան եկամուտները նախորդ՝ 2022 թվականի հայտարարագրի համեմատ ավելացել են 3 միլիոնով, իսկ 2021 թվականի եկամուտները 2022-ի համեմատ՝ 1 միլիոնով։

Ստացվում է, որ վերջին 2-3 տարում Քոչարյանի աշխատանքի վարձատրությունը Ազգային ժողովի աշխատակազմից ավելացել է 4 մլն դրամով։ Նախորդ՝ 2022 թվականի հայտարարագրի համեմատ 2023 թվականի հայտարարագրում Քոչարյանի կանխիկ դրամական միջոցները գրեթե եռապատկվել են։

Այսպիսով՝ 2022 թվականին պատգամավորի կանխիկ դրամական միջոցները կազմելեն 2 մլն 300 հազար դրամ, իսկ այս տարի Անդրանիկ Քոչարյանի կանխիկ դրամական միջոցները կազմել են 2 հազար եվրո, 3 հազար ԱՄՆ դոլար, 4 մլն 700 հազար դրամ։

Անդրանիկ Քոչարյանը կանխիկ դրամական միջոցների ստացման աղբյուրը չի հայտարարագրել։ Հարցական է, թե որտեղից է Քոչարյանը տնտեսել այս ֆինանսական միջոցները։

Հավելենք, որ Անդրանիկ Քոչարյանը ԱԺ այն պատգամավորն ու ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է, որը տապալել է 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքները և գրեթե կես տարի չի կարողանում հրապարակել Հանձնաժողովի զեկույցը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Placeholder
«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը կանխիկ դրամական միջոցների ստացման աղբյուրը չի հայտարարագրել