ՆՁԱԿ-ի Գիտատեխնիկական գրադարանն ահազանգում է՝ պատկան մարմիններն ընտրել են գրադարանի համար կործանարար տարբերակը
Կրթություն, գիտություն
10:34 04/06/2024
Հայաստան

ՆՁԱԿ-ի Գիտատեխնիկական գրադարանն ահազանգում է՝ պատկան մարմիններն ընտրել են գրադարանի համար կործանարար տարբերակը

«Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Գիտատեխնիկական գրադարանից ահազանգում են՝ կանխել գիտատեխնիկական գրադարանի փակման գործընթացը։

«Կառավարությունը 2024 թվականի մայիսի 2-ի նիստում, որպես չզեկուցվող հարց հաստատել է «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի լուծարումը, որի կառուցվածքում գործում էր 60 տարվա պատմություն ունեցող հանրապետության երկրորդ մեծության գրադարանը, շուրջ 22 մլն գրականությամբ  ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԸ` Գյումրի, Վանաձոր, Կապան, Հրազդան մասնաճյուղերով: Կառավարությունը գրադարանի և գրապահոցի շենքերը որոշել է օտարել դեռևս դեկտեմբերի 28-ին:

Ցավոք, լուծարման որոշման մեջ անտեսված է այն հանգամանքը, որ ՆՁԱԿ-ի Գիտատեխնիկական գրադարանը գիտատեխնիկական փաստաթղթերի ավանդապահ (դեպոզիտար) միակ գրադարանն է ողջ հանրապետությունում, իրականացնում է ավելի քան 8000 ընթերցողների գրադարանային գիտատեխնիկական ծառայությունների մատուցում և սպասարկում 100-ից  ավելի կազմակերպությունների:

Մեր բազում ահազանգերին պատկան մարմինները հավաստիացնում էին, որ գրադարանի  և գրապահոցի համար շենք են փնտրում, իսկ փաստաթղթային ֆոնդի  տեղափոխումը  կիրականցվի հավուր պատշաճի  և անվնաս:  Սակայն հարմար շենք-շինություն չգտնելով ընտրեցին գրադարանի համար կործանարար, իսկ իրենց համար  ամենահեշտ տարբերակը. այն է` լուծարման ճանապարհով ձերբազատվել գրադարանի հոգսից, համարելով այն ավելորդ բեռ:

Սակայն գրադարանային ֆոնդերի պահպանությունն ու ամբողջականությունն ամրագրված է ՀՀ և միջազգային փաստաթղթերով ու առհասարակ չի թույլատրվում պետական գրադարաններին կցված շենքերի օտարումը»։ 

Placeholder
ՆՁԱԿ-ի Գիտատեխնիկական գրադարանն ահազանգում է՝ պատկան մարմիններն ընտրել են գրադարանի համար կործանարար տարբերակը