ՀՎԿԱԿ փոխտնօրեն. Աղետի գոտում համաճարակի վերաբերյալ մտահոգիչ տվյալ դեռ չունենք
Առողջություն
10:57 06/06/2024
Հայաստան

ՀՎԿԱԿ փոխտնօրեն. Աղետի գոտում համաճարակի վերաբերյալ մտահոգիչ տվյալ դեռ չունենք

«Լոռու մարզում աղետի գոտում ընդհանուր համաճարակաբանական իրավիճակը կայուն է ու վերահսկելի։ Մտահոգիչ տվյալ դեռ չունենք»,-Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն, սննդամթերքի անվտանգության և կենդանիների առողջության փորձագետ, անասն․գիտ․թեկնածու Սերգեյ Չախմախչյանը։



Նա աղետից տուժած համայնքներում չի եղել, հիմնվում է տեղում համաճարակավերահսկողական աշխատանքներին մասնակցող ՀՎԿԱԿ ներկայացուցիչներից ստացած տեղեկությունների վրա։

Հիշեցնենք, որ երեկ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հայտարարել էր՝ աղետի գոտում համաճարակի վտանգ կա մեծ քանակությամբ տիղմի և անկած կեդանիների պատճառով։
Կենտրոնի փոխտնօրենը նշում է՝ ռիսկը բացառել հնարավոր չէ, իրավիճակը վերահսկելի է։

«Իհարկե, նման ջրհեղեղի ժամանակ լինում են անկած կենդանիներ, որոնք ռիսկեր են պարունակում։ Ես կարծում եմ, շատ դեպքերում անտեղի վախեր են առաջանում, սակայն պետական մարմինները համագործակցաբար աշխատում են, որպեսզի այդ ռիսկերը նվազեն»,-ասաց Չախմախչյանը։

Նրա խոսքով, մասնագետները նմուշառում են իրականացրել ջրից, անկած կենդանիներից, կրծողներից, որոնք տարածում են վարակիչ հիվանդությունները, վտանգավոր հիվանդությունների վերաբերյալ հետազոտություններ են արվել, դիակներում նման մանրէներ չեն հայտնաբերվել։ Մեծ թվով անկած կրծողների մասին տեղեկության հետևից էլ են գնացել, պարզվել է, իրականությանը չի համապատասխանում։

«Այո, դիակներ կան, գյուղատնտեսական կենդանիների մարմիններ հայտնաբերվում են։ Այդ ուղղությամբ պետությունը մեծ աշխատանքներ է տանում։ Գյուղատնտեսական կենդանիների մարմիններն են, որ կարող են խնդիրներ առաջացնել, անասնաբուժական ծառայության աշխատակիցները նույնպես ներգրավված են աշխատանքներում»,-ասաց նա։

Քանի դեռ հետևանքները վերացված չեն, կան դժվարանցանելի տեղանքներ, որտեղ հայտնաբերվում են  անկած կենդանիներ, մասնագետը բնակիչներին խորհուրդ է տալիս անկած կենդանի հանդիպելիս տեղեկացնել համապատասխան մարմիններին, զանգել համայնքի անասնաբույժներին։

«Մենք խորհուրդ չենք տալիս, որ անկած կենդանիներին թաղեն ինքնուրույն, բայց եթե  նման իրավիճակ է ստեղծվել, պետք է օգտագործել անձնական պաշտպանիչ միջոցներ՝ ձեռնոցներ, երկարաճիտ ու անջրաթափանց կոշիկներ, մանր կենդանիներին փաթեթավորել, որպեսզի ծորանք չլինի, արգասիքներով չաղտոտվի շրջակա միջավայրը, ինչ-որ կերպ այն մեկուսացնել, պահպանել անձնական հիգիեննայի կանոնները, իրականացնել տարածքի լվացում, մաքրում, ախտահանում, որպեսզի վարակի առկայության դեպքում վտանգը չեզոքացվի»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ մայիսի 26-ի գիշերը Դեբեդ գետը դուրս է եկել հունից, լցվել տներ, խանութներ, անասնագոմեր, ինչի հետևանքով 4 մարդ զոհվել է, կենդանիներ են անկել, ենթակառուցվածքներ են վնասվել։ Մի քանի համայնքների կապն այլ բնակավայրերի հետ կտրվել էր կամուրջների փլուզման հետևանքով։

Տեղում հետաղետային կարիքների արագ գնահատման և տվյալների հավաքագրման նպատակով աշխատանքներ է իրականացնում փաստահավաք խումբը՝ ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի մասնագետների ղեկավարությամբ։

Մանրամասները՝ քիչ անց ձայնագրությամբ։

Placeholder
ՀՎԿԱԿ փոխտնօրեն. Աղետի գոտում համաճարակի վերաբերյալ մտահոգիչ տվյալ դեռ չունենք