Պետական մարմինները ոչ գաղտնի տվյալները կպահեն վիրտուալ «ամպային» տիրույթում
Տնտեսություն
12:27 14/06/2024
Հայաստան

Պետական մարմինները ոչ գաղտնի տվյալները կպահեն վիրտուալ «ամպային» տիրույթում

«Որոշումով ակնկալվում է, որ պետական իշխանության մարմինների կողմից օգտագործվող տեղեկատվական համակարգերի, դրանցում առկա տվյալների, տեղեկատվության պահպանման նպատակով ավանդական սերվերների փոխարեն պետք է կիրառվեն ամպային լուծումներ»,- կառավարության նիստում հայտնեց ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը՝ զեկուցելով «Ամպայինն առաջինը» քաղաքականության մշակման և ներդրման մասին որոշումը։

Նրա խոսքով՝ այն կապահովի հանրային ծառայության ոլորտում ոչ գաղտնի տեղեկությունների պահուստավորման և վերականգնման մեխանիզմներ՝ տվյալների կորստից պաշտպանվելու համար:

Սիմոնյանը հայտնեց, նախագծով առաջարկվում է, որ սկզբնական փուլում ամպային տիրույթում են տեղադրվելու այն տվյալները և տեղեկատվությունը, որոնք չեն լինի պետական գաղտնիք և հանրային տեղեկությունների դասակարգման արդյունքներով կհամարվեն ցածր ռիսկայնության:

Նրա խոսքով՝ որոշմամաբ նախատեսվում է, որ հանրային իշխանության մարմիններն իրենց տնօրինության տակ գտնվող, պետական գաղտնիք չհանդիսացող, գաղտնիության, ամբողջականության և հասանելիության չափորոշիչներով ցածր ռիսկայնությամբ դասակարգված հանրային տեղեկությունը տեղադրեն ամպային տիրույթում, որոշակի ժամկետով պահպանեն գործող սերվերային համակարգերը որպես հիմնական տարբերակ՝ մինչև ամպային տիրույթ տեղափոխած տարբերակի հաջողված փորձարկումը։

Փոխնախարարի խոսքով՝ պետք է պահպանեն այդ տեղեկությունների պահուստային տարբերակը՝ նվազագույն անհրաժեշտ սերվերային ենթակառուցվածքների ներգրավմամբ, պետք է ձեռնպահ մնան պետական տեղեկատվական համակարգերի, տվյալների և տեղեկատվության պահպանման նպատակով առանձին սերվեր ձեռք բերելու գործընթաց նախաձեռնելուց:

Placeholder
Պետական մարմինները ոչ գաղտնի տվյալները կպահեն վիրտուալ «ամպային» տիրույթում