Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Սահմանամերձ բնակավայրերում բնակարանային ապահովման ծրագրով ունենք 1330 շահառուների հայտեր. Նարեկ Մկրտչյան
«Այս պահի դրությամբ Միասնական սոցիալական ծառայության կողմից հաստատվել են ավելի քան 1330 շահառուների հայտեր, որոնցից միայն 1080-ը՝ 2024 թվականին, և սա այն դեպքում, երբ մենք կանխատեսել էինք, որ 2024-ին կունենանք շուրջ 550 հայտ»,- կառավարության նիստում հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ զեկուցելով ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման աջակցության 2022-2025 թվականների ծրագրում և կարգում փոփոխություն կատարելու նախագիծը:
Նա նշեց, որ Տավուշի մարզում եղել է 809, Սյունիքում՝ 167, Վայոց ձորի մարզում՝ 167, Գեղարքունիքում՝ 85, Արարատի մարզում՝ 106 հայտ:
«850-ի հետ արդեն կան հիփոթեքային վարկավորման պայմանագրեր, և տրամադրվել են վարկերը. մնացածը գտնվում են ամենատարբեր փուլերում»,-հայտնեց Մկրտչյանը:
Նրա խոսքով՝ ծրագրի նպատակայնությունը գնահատելու համար իրականացրել են ուսումնասիրություն՝ հասկանալու համար, թե ինչ փոփոխությունների անհրաժեշտություն կա։
«2024 թվականի ապրիլի 1-ի դրությամբ 603 ընտանիքների մասով ուսումնասիրություն է կատարվել, և արդյունքները ցույց են տալիս, որ, օրինակ՝ թվով 292 շահառու ամուսինների գումարային տարիքը գերազանցում է 80-ը, որոնցից 137-ը չունեն երեխա, շահառուներից 107-ը քաղաքաբնակ են, իսկ 496-ը՝ գյուղաբնակ, բայց դրանից՝ քաղաքաբնակներից 36-ն են հաշվառված Երևան քաղաքում»,- ասաց նախարարը և նշեց, որ դեռևս ռիսկային չէ շահառուների հաշվառման վայրի նկատմամբ սահմանափակումներ չկիրառելը:
Նա նշեց, որ որոշմամաբ առաջարկում է սահմանել ամուսինների գումարային տարիքի առավելագույն շեմը 75 տարի կամ տարիքային շեմը գերազանցելու դեպքում առնվազն 1 անչափահաս երեխայի առկայությունը դարձնել պարտադիր, Հայաստանի քաղաքացի լինելու պայմանը կիրառել շահառու ընտանիքի բոլոր անդամների վրա, շահառու համարել նաև ամուսնուն կորցրած՝ մահացած կամ զոհված, և առնվազն 1 անչափահաս երեխա ունեցող միայնակ ծնողին, և Տավուշի մարզի Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց և Ոսկեպար բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով տրամադրվող հիփոթեքային վարկերի դեպքում տալ 5 մլն հավելում։
«Այդ բնակավայրերում արդեն վարկավորվածների համար առաջարկվում է մինչև 5 մլն դրամի վերանորոգման հիփոթեք: Այս պահի դրությամբ Բերքաբերում ունենք 39 հաստատված հայտ, Ոսկեպարում՝ 3, Կիրանցում՝ 18, և Բաղանիսում՝ 5»,-հայտնեց Նախարարը և տեղեկացրեց, փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից:
Նախարարաը նաև առաջարկեց 2000 հայտը բավարարելուց հետո դադար վերցնել, ուսումնասիրել խնդիրները, վերլուծություն կատարել, այնուհետև շարունակելու որոշում կայացնել: