Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրինությանը և բուժանձնակազմին
Հասարակություն
20:31 29/06/2024
Հայաստան

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրինությանը և բուժանձնակազմին

Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրինությանը և բուժանձնակազմին՝ գլխավորությամբ ԲԿ գործադիր տնօրեն պրոֆեսոր, բ.գ.դ. Արմեն Չարչյանի և առաջնորդությամբ կենտրոնի հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Տ․ Հովհաննես աբեղա Թորգոմյանի։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Հանդիպմանը Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու գնահատանքն է բերել ներկաներին առողջապահության ոլորտում իրենց ազգաշահ և աստվածահաճո առաքելության համար՝ գոհունակությամբ ընդգծելով, որ վերջիններս իրենց մասնագիտական կարողություններն ու հմտությունները ծառայեցնում են ի խնդիր բուժման կարիք ունեցող անձանց ապաքինման:

Հայոց Հովվապետն ընդգծել է, որ Եկեղեցին հոգեփրկչական իր առաքելության ճանապարհին մշտապես կարևորել է անձի ֆիզիկական առողջությունը՝ իբրև պայման աստվածաշնորհ կյանքը լիարժեքորեն ապրելու և բարի գործերով առավել արժևորելու։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը, անդրադառնալով «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործունեությանը, նկատել է, որ կենտրոնը լինելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող հաստատություն, կոչված  է առավել մեծ պատասխանատվությամբ ու նվիրումով իր անսակարկ ծառայությունը մատուցելու ազգի զավակներին։

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Աստծու օգնականությունն ու զորակցությունն է հայցել բուժաշխատողներին իրենց երախտարժան առաքելության մեջ:

Placeholder
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրինությանը և բուժանձնակազմին