Պատերազմական թեման շարունակվում է նույնքան կարևոր մնալ ֆիլմերում, որքան բոլորի գիտակցության մեջ է. Կարեն Ավետիսյան
Մշակույթ
14:17 03/07/2024
Հայաստան

Պատերազմական թեման շարունակվում է նույնքան կարևոր մնալ ֆիլմերում, որքան բոլորի գիտակցության մեջ է. Կարեն Ավետիսյան

Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 21-րդ կինոփառատոնի շրջանակում տեղի կունենա  Շողակաթ Վարդանյանի «1489»-ի երևանյան պրեմիերան։ «Ոսկե ծիրան» միջազգային  կինոփառատոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանն ասաց, որ այս ֆիլմի փառատոնային հաղթարշավից հետո ֆիլմը պետք է գար իր հանգրվան՝ Հայաստան։

Նշենք, որ Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմ նԱմստերդամի վավերագրական ֆիլմերի հեղինակավոր կինոփառատոնում (IDFA)  ճանաչվել է «Լավագույն ֆիլմ», արժանցել է FIPRESCI-ի մրցանակին, Տրիեստի կինոփառատոնի՝ «Լավագույն վավերագրություն» մրցանակին։

Հեղինակը վավերագրում է 44-օրյա պատերազմի յոթերորդ օրն անհետ կորած Սողոմոնի՝ Շողակաթի եղբոր որոնումները։ IDFA-ի ժյուրին այսպես է բնորոշել այս վավերագրությունը. «Ֆիլմ, որը նման է ներս թափանցող լույսի. տեսանելի է դարձնում վշտի թաքնված հսկայական ներքին լանդշաֆտը՝ անտանելի բացակայությունից ստեղծելով իրական ներկայություն»։

Կարեն Ավետիսյանն ասաց, որ պատերազմական թեման շարունակվում է նույնքան կարևոր մնալ ֆիլմերում, որքան բոլորի գիտակցության մեջ է։

«Փառատոնի կարևորությունը նրանում է  նաև, որ արտացոլում է այն նյարդը, որը օդում կախված է»,- ընդգծեց նա։

Կ.Ավետիսյանի խոսքով, ողբերգական իրադարձությունը ժամանակի ընթացքում է վերլուծվում, արվեստի գործ դառնում. «2020, 2021 թվականին բոլորը հարցնում էին՝ կլինե՞ն ֆիլմեր պատերազմի մասին։ Պատերազմից անցել է 4 տարի ու ֆիլմերը ժամանակի մեջ են ստեղծվում, որոշակի դիստանցիայից են իրենց հայացքը նետում պատմական իրադարձությանը, որն արվեստի դեպքում ավելի կարևոր է, քան այդ վայկյանին էմոցիոնալ պոռթկումը»։

Հիշեցնենք, որ Երևանի 21-րդ միջազգային «Ոսկե ծիրան» կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 7-14-ը։ Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր (Կաննի, Բեռլինի և այլն) կինոփառատոններից: Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն կինոսերներին։

Placeholder
Պատերազմական թեման շարունակվում է նույնքան կարևոր մնալ ֆիլմերում, որքան բոլորի գիտակցության մեջ է. Կարեն Ավետիսյան