Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ոսկե ծիրան» կինոփառատոնը՝ լի բազմաթիվ անակնկալներով ու կարևոր շեշտադրումներով
«Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 21-րդ կինոփառատոնը լի է բազմաթիվ անակնկալներով ու կարևոր շեշտադրումներով»,-ասուլիսում ասաց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը։
«Ինչպես ցանկացած տարի, մենք ունենք երկու կարևոր նպատակ՝ ամփոփել տարին, որոշակի կանխազգացում փոխանցել հաջորդ տարվա հետ կապված, այսինքն ամփոփման ու ուրվագծման երկու կարևոր հրամայականները շարունակում է իրականանել «Ոսկե ծիրան» կինոփառատոնը, նաև կապ է հանդիսանում Հայաստանի ու աշխարհի կինոյի միջև»,- ասաց նա։
Ասուլիսին ներկա Հայաստանում Նիդեռլանդների թագավարության դեսպան Յապ Ֆրեդերիքսի կարծիքով, սա «Ոսկե ծիրանը» միայն փառատոն չէ, այլ Հայաստանի մշակութային պատուհանն է դեպի աշխարհ՝ ցույց տալու, թե ինչ է կատարավում Երևանում, նաև դրսից տեսնեն, թե ինչ է կատարվում Հայաստանի մշակութային կյանքում։
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության մշակութային կցորդ, Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի գործադիր տնօրեն Դավիդ Տյուրսի խոսքով, մեծ պատիվ է աշխատել կինոփառատոնի հետ. «Այս փառատոնը ժամանակի ընթացքում մեծ հաջողության է հասել ու դարձել մեծ միջազգային կինոփառատոն»։
Հիշեցնենք, որ Երևանի 21-րդ միջազգային «Ոսկե ծիրան» կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 7-14-ը։ Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր (Կաննի, Բեռլինի և այլն) կինոփառատոններից: Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն կինոսերներին։
Բացի այդ, «Ոսկե ծիրան»-ն այս տարի առանձնահատուկ անդրադարձ կկատարի երկու մեծությունների՝ Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյաններին:
Փառատոնը անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ աջակցությամբ։ Երևանի քաղաքապետարանը փառատոնի այս տարվա գլխավոր հովանավորն է։
Ասուլիսին ներկա ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ասաց, որ հպարություն է «Ոսկե ծիրան» փառատոնի նման հեղինակավոր փառատոն ունենալ Հայաստանում, իսկ Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանի խոսքով, փառատոնը դարձել է Հայաստանի այցեքարտը և այդ իսկ պատճառով արդեն 3-րդ տարին է քաղաքապետարանը հովանավորւմ է փառատոնը։
Մանրամասն՝ տեսանյութում։