Վանաձորի Աբելյանի անվան թատրոնի նոր ներկայացումը՝ «անսովոր» միջավայրում
Մշակույթ
11:37 03/07/2024
Հայաստան

Վանաձորի Աբելյանի անվան թատրոնի նոր ներկայացումը՝ «անսովոր» միջավայրում

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում պրեմիերա է նախատեսված, բայց անսովոր պայմաններում է այն ներկայացվելու։ «Մեկ գավաթ էնդորֆին» կատակերգությունը կցուցադրվի ոչ թե թատրոնում, այլ Վանաձորի Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանում։

«Ներկայացումը որոշեցինք խաղալ պատկերասրահում մի քանի պատճառներով։ Առաջինը՝ ամռան ամիսներին դժվար է հանդիսատեսին նստեցնել դահլիճում և ստիպել ներկայացում նայել, հանդիսատեսին հետաքրքրում են նոր ու անսպասելի մոտեցումներ, որոնք որ նոր էմոցիաներ, սպասելիքներ կառաջացնեն։

Երկրորդը՝ պատկերասրահում հնարավորություն ենք ունենում բացի ներկայացում, նաև ներկայացնել գեղանկարներ, և մինչ ներկայացումը հանդիսատեսը արդեն իսկ իրեն զգում է բոհեմական միջավայրում»,- Panorama.am-ին ասաց ներկայացման ռեժիսոր Ժիրայր Գաբրիելյանը։

Նա նաև նշեց, որ  ներկայացումը խաղում են կենդանի ետնապատի դիմաց, այսինքն ներկայացման ընթացքում հանդիսատեսը պատկերասրահում կարողանում է նաև տեսնել ու զգալ քաղաքի անցուդարձը, տրամադրությունը ու եղանակը, ինչ էլ ավելի է կենդանացնում ու իրականությանը մոտ դարձնում ներկայացումը։

«Մեկ գավաթ էնդորֆին» կատակերգության առաջնախաղը կլինեն հուլիսի 23-ին, այնուհետև հուլիսի 25-ին, 29-ին, 30-ին և 31-ին։ Նախ կլինի շրջայց պատկերասրահում, գինու հյուրասիրություն, գինու համտեսի վարպետաց դաս և Կողբի բնաշխարհի գեղարվեստական գործերի ցուցադրություն, ապա՝ ներկայացման դիտում։

Ըստ Հերբերտ Բերգերի «Մեկ գավաթ էնդորֆին» կատակերգության (18+) բեմադրիչն է  Ժիրայր Գաբրիելյանը,  երաժշտական ձևավորումը` Հրանտ Վարդումյանի, պարերը` Արման Սաքանյանի։  Դերերում` Արման Սաքանյան,  Մարիամ Ղևոնդյան, Էդգար Քոչարյան,  Նոնա Սաֆարյան,  Էդգար Բարսեղյան։

Placeholder
Վանաձորի Աբելյանի անվան թատրոնի նոր ներկայացումը՝ «անսովոր» միջավայրում