Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԿԳՄՍ նախարարությունը բողոքարկել է հօգուտ Թումանյանի թանգարանի նախկին տնօրենի կայացված դատական ակտը
ԿԳՄՍ նախարարությունը բողոքարկել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 2024 թվականի մարտի 29-ին հօգուտ Հովհաննես Թումանյանի թանգարանի նախկին տնօրեն Անի Եղիազարյանի կայացրած դատական ակտը։
Հիշեցնենք, որ այդ ակտով Երևանի քաղաքացիական դատարանը, դատավոր Ազատ Դունամալյան, անվավեր է ճանաչել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի որոշումը, որով Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանն ազատվել էր աշխատանքից։ Դատարանը որոշել է նաև ԿԳՄՍՆ-ից հօգուտ Անի Եղիազարյանի բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը։
Դատալեքսից տեղեկանում ենք, որ ԿԳՄՍ նախարարության վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ հունիսի 4-ին։
Անի Եղիազարյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ դեռևս դատական նիստի օր նշանակված չէ։ Հարցին՝ արդյո՞ք սպասում էր, որ ԿԳՄՍ նախարարությունը կբողոքարկի առաջին ատյանի կայացրած որոշումը, նա պատասխանեց. «Քանի որ օրենքով նախատեսված ընթացակարգ է, իրենք իրավունք ունեին դա անելու. հնարավոր էր և այն, և այն»։
Ա.Եղիազարյանը նաև ասաց, որ պաշտանական կողմը հատուկ ռազմավարության չի մշակել, ուղղակի սպասում են դատական նիստերին։
Ավելի վաղ Panorama.am-ի հետ զրույցում Ա. Եղիազարյանն իր ազատման պատառճի մասին ասել էր. «Եղել է Հովհաննես Թումանյանի հիշատակի 100-րդ տարելիցի շրջանակում տարեկան նախանշված ծրագիր արտասահմանյան ուղևորություն, որը նաև ունեցել է հրավիրող կողմեր, ամբողջ ծախսային մասն իրենց կողմից է նախանշված եղել։ Դա եղել է նախարարության կողմից հաստատված տարեկան նախագծի շրջանակներում։ Բայց նախարարության որոշակի օղակների անգործության, անփութության, թե միտումնավորության, ես մինչև հիմա չեմ կարողանում դա հասկանալ, ինչու է այդպես եղել, գործընթացը պատշաճ իրենց կողմից չի կազմակերպվել, ես երկրից մեկնել եմ հարկադրված առանց իրենց փաստաթուղթը ստանալու»։