Քթի վիրահատության ժամանակ կնոջ մահվան դեպքով  նախաձեռնվել է վարույթ բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հոդվածով
Իրավունք
10:58 11/07/2024
Հայաստան

Քթի վիրահատության ժամանակ կնոջ մահվան դեպքով նախաձեռնվել է վարույթ բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հոդվածով

«Արթմեդ» բժշկական կենտրոնում 32-ամյա կնոջ մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնված Քրեական օրենսգրքի 187 հոդվածօ 2-րդ մասի հատկանիշներով։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Նշենք, որ հոդվածը վերաբերում է  Բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելուն։

Հոդվածի երկրորդ մասը սահմանում է.

«Բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք պատժվում է տուգանքով` քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երեքից յոթ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով»։

«Իրականացվում է նախաքննություն, անհրաժեշտ գործողություններ են կատարվում հանգամանքները պարզելու նպատակով, դատաբժշկական փորձաքննություն է նշանակված։  Եզրակացությունը ստանալուց հետո պարզ կլինի մահվան  պատճառը, համադրելով այլ ձեռք բերվող տվյալների հետ՝ կտրվեն իրավական գնահատականներ բուժանձնակազմի գործղությունների վերաբերյալ»,-ասաց ՔԿ մամուլի խոսնակը։

Հիշեցնենք, Արթմեդ բժշկական կենտրոնի փոխտնօրենը Panorama.am-ի հետ զրույցում նշել էր, որ վիրահատության ընթացքում կնոջ մահը վրա է հասել չարորակ հիպերթերմիայի հետևանքով։

Լուսանկարը՝ համացանցից։

Placeholder
Քթի վիրահատության ժամանակ կնոջ մահվան դեպքով նախաձեռնվել է վարույթ բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հոդվածով