Հղիների նման կտրուկ աճ ունենք. Անահիտ Ավանեսյան
Առողջություն
12:05 25/07/2024
Հայաստան

Հղիների նման կտրուկ աճ ունենք. Անահիտ Ավանեսյան

«Նախագծով ևս մեկ անգամ ընդլայնում ենք վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով բուժօգնության իրավունքից օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիների շրջանակը»,-կառավարության նիստում հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը:

Նախարարը տեղեկացրեց, որ նախագծով նախատեսվում է օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ ծառայությունների ամբողջական փաթեթից օգտվող 2 տարի և ավելի անպտղություն ունեցող անզավակ կանանց տարիքային շեմը 36-ից բարձրացնել մինչև 40 տարեկանը ներառյալ:

Ավանեսյանը հայտնեց, որ ընդլայնվում է նաև երկրորդային անպտղություն ունեցող մեր շահառուների շրջանակը և հանվում է այն սահմանափակումը, որ միայն սահմանամերձ բնակավայրերի քաղաքացիներն իրավունք ունեն օգտվելու այդ հնարավորությունից և բոլորը կարող են օգտվել:

«Այսինքն՝ երկրորդային անպտղության հետ կապված խնդիրները ևս արդեն թիրախային կերպով հասցեագրվում են մեր կողմից»,-հայտնեց  նախարարը:

Նա նաև տեղեկացրեց, որ կարգավորվել է Արցախից բռնի տեղահանվածների բուժօգնության տրամադրման կարգը:

Ավանեսյանի խոսքով՝ բռնագաղթածները մինչև մինչ այդ էլ օգտվում էին այս ծրագրից, բայց անհատական հրամանների շրջանակներում,  իսկ փոփոխությունից հետ նրանք ընդհանուր  ընթացակարգով կօգտվեն պետության ընձեռած հնարավորություններից։

 «Ծրագիրը պիլոտային կարգով սկսվել է 2019 թվականին և շարունակվելով 2020 թվականին՝ ընդամենը 49 բալիկ ենք ունեցել, 2021 թվականին` 76, 2022 թվականին՝ 128, 2023 թվականին՝ 159, և 2024 թվականի հունվար-հունիս ամիսներին արդեն 271 երեխա է ծնվել: Նաև հղիների նման կտրուկ աճ ունենք, ինչը նշանակում է, որ առաջիկայում ծնված բալիկների թիվը կմեծանա»,-ասաց առողջապահության նախարարը:

 

Placeholder
Հղիների նման կտրուկ աճ ունենք. Անահիտ Ավանեսյան