Հարկային թերհավաքագրման պատճառով հնարավոր է կառավարությունը գնա բյուջետային ծախսերի կրճատման. Նաիրի Սարգսյան
Տնտեսություն
16:10 02/08/2024
Հայաստան

Հարկային թերհավաքագրման պատճառով հնարավոր է կառավարությունը գնա բյուջետային ծախսերի կրճատման. Նաիրի Սարգսյան

ՊԵԿ-ի հրապարակած վիճակագրական ցուցանիշներից պարզ է դառնում, որ  պետական բյուջեի հարկային մուտքերի մասով  էականորեն թերակատարում է գրանցվել։ Բյուջեով նախատեսված էր կես տարում հավաքագրել 1 տրիլիոն 304.2 մլրդ դրամ, փոխարենը հարկային մուտքերը փաստացի կազմել են 1,187.6 մլրդ դրամ՝ 116.6 մլրդ դրամով պակաս:

Նման բացասական ցուցանիշի գրանցման պատճառների և հետևանքների շուրջ Panorama.am-ը զրուցեց Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանի հետ։

Ն. Սարգսյան-Այդ ամենը տնտեսության անկմամբ է պայմանավորված։ Նախ եկեք հիշենք, որ 2023 թվականի վերջից արգելվեց ՀՀ տարածքով տրանսպորտային միջոցների տարանցումը դեպի Ռուսաստանի Դաշնություն։ Այն էական վնաս հասցրեց։
Տնտեսությունն անկում է գրանցում,  հետևաբար պետք է տեղի ունենա հարկերի թերհավաքագրում։ Ամենամեծ ցուցիչը, որ տեղում սպառումը կրճատվել է, ավելացված արժեքի հարկի՝ անցած տարվա ցուցանիշից 16 մլրդ դրամով պակաս հավաքագրումն է ։ Այսինքը, եթե տեղական սպառումը նվազում է, ապա, բնականաբար, ավելացված արժեքի հարկ չի գեներացվելու, շահութահարկ չի գեներքցվելու։ 

Ավելի պակաս պետք է հավաքագրվեր, բայց որոշակի չափով այդ ցուցանիշը մեղմվել է, որովհետև եկամտային հարկի դրույքաչափում փոփոխություններ կատարվեց։ Օրինակ ֆիզիկական անձանցից ստացված փոխառությունների դիմաց վճարվող տոկոսներից եկամտային հարկը դարձավ 20%։

Ֆիզիկական անձինք, ովքեր  բնակարանները կամ սեփականությունը վարձով էին տալիս, սկսեցին  հայտարարագրել և հարկ վճարել ։ Այսպիսի որոշակի նոր հարկերի ավելացման հաշվին էականորեն մեղմվեց հարկահավաքության ավելի վատ ցուցանիշը։ Բայց իրականում տնտեսության վիճակը գնահատվում է բավականին ծանր, այդ պատճառով էլ թերհավաքագրում է կատարվում։

Panorama.am-Ըստ ձեզ կառավարությունն արդյո՞ք կգնա բյուջետային ծախսերի վերանայման, եթե թերհավաքագրումները շարունակվեն։

Ն. Սարգսյան-Սովորաբար բյուջեով նախատեսված ծախսերի մի մասը չեն էլ կատարում, մասնավորապես վերջին շրջանում կապիտալ ծախսերի անընդհատ թերակատարում է տեղի ունենում։ Հնարավոր է, որ հարկային թերհավաքագրումներն ազդեն կառավարության պահուստային ֆոնդի վրա, այլ ոչ թե ծախսային մասի։ Բայց երկու ամիս առաջ, կարծեմ ֆինանսների նախարարն էլ հայտարարեց, որ հնարավոր է գնան բյուջետային ծախսերի կրճատման, այո չի բացառվում նաև այդ տարբերակը։
 

Placeholder
Հարկային թերհավաքագրման պատճառով հնարավոր է կառավարությունը գնա բյուջետային ծախսերի կրճատման. Նաիրի Սարգսյան