Չելսի Քլինթոնը միանում է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին
Աշխարհում
11:40 20/08/2024
Աշխարհ

Չելսի Քլինթոնը միանում է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի Ընտրող հանձնաժողովին է միացել «Քլինթոն» հիմնադրամի փոխնախագահ, հանրային առողջության փորձագետ Չելսի Քլինթոնը: Այս մասին հայտնում են «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունից։

Դոկտոր Քլինթոնը հայտնի է մարդկանց կյանքը բարելավելու իր ջանքերով, ինչը ոգեշնչում է ապագա առաջնորդներին ամբողջ աշխարհում ու նպաստում կարեւոր հարցերի, այդ թվում՝  առողջապահական հավասարության վերաբերյալ իրազեկության բարձրացմանը եւ գործնական քայլեր ձեռնարկելուն:  

«Ավրորա» մրցանակը (1 միլիոն ԱՄՆ դոլար) շնորհվում է այն անհատներին, որոնք վտանգում են սեփական կյանքը, որպեսզի փրկեն այն մարդկանց կյանքը, որոնք տառապում են հակամարտությունների կամ մարդկության դեմ իրագործվող հանցագործությունների հետեւանքով։ «Ավրորա» մրցանակի դափնեկիրն ստանում է նվիրատվության շղթան շարունակելու բացառիկ հնարավորություն՝ այդ միջոցներն ուղղելով համայնքներում մարդասիրական աշխատանք իրականացնող անհատներին:

«Ուրախ ենք ողջունելու Չելսի Քլինթոնին «Ավրորա» համայնքում: Հաշվի առնելով սոցիալական փոփոխություններին նվիրված երկարամյա ջանքերը՝ նա կատարյալ համալրում է Ընտրող հանձնաժողովում, եւ ես անհամբեր սպասում եմ մեր համատեղ աշխատանքին՝ լույս սփռելու մարդասեր գործիչների վրա, որոնք վտանգում են սեփական կյանքն՝ օգնելու դժվարին իրավիճակում գտնվողներին։ Չելսին իր հետ բերում է թարմություն եւ մեծ փորձառություն, որն, անկասկած, կհարստացնի մեր քննարկումները եւ կապահովի տեսակետների լայն շրջանակ ընտրական գործընթացում»,- ասել  «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ և  Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի համաղեկավար Լորդ Արա Դարզին: 

Երկար տարիներ լինելով հանրային առողջության փորձագետ՝ դոկտոր Քլինթոնը նաև «Քլինթոն» առողջապահության հասանելիության նախաձեռնության (Clinton Health Access Initiative) փոխնախագահն է: Հիմնադրամում աշխատելուց բացի, Քլինթոնը դասավանդում է Կոլումբիայի համալսարանի Մեյլմենի անվան հանրային առողջության դպրոցում: Նա նաեւ մի քանի գրքերի հեղինակ է, այդ թվում՝ լավագույն տարածում գտած «She Persisted» (Նա հաստատակամ էր) շարքի: Նա պետքարտուղար Հիլարի Ռոդհեմ Քլինթոնի հետ համահեղինակել է «Գիրք համարձակ կանանց եւ տատիկի այգիների մասին» գործը, իսկ Դեւի Շրիդհարի հետ՝ «Գլոբալ առողջապահության կառավարում. ո՞վ է ղեկավարում աշխարհը եւ ինչո՞ւ» գիրքը:

«Մենք բոլորս մեր դերն ունենք համաշխարհային մեծագույն մարտահրավերներին դիմակայելու գործում։

Ինձ համար պատիվ է միանալ 2024 թ. «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին եւ շարունակել մեր համագործակցությունը «Քլինթոն» համաշխարհային նախաձեռնության (CGI) միջոցով՝ աջակցելու մարդասիրության ոլորտի առաջնորդներին, որոնք մեծապես փոխում են աշխարհը»,- նշել է «Քլինթոն» հիմնադրամի փոխնախագահ Չելսի Քլինթոնը:


 

Placeholder
Չելսի Քլինթոնը միանում է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին