Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արման Բաբաջանյանի իրականացրած ակցիայի պատճառով ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատարին կանչել են Բելառուսի ԱԳՆ
Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Նարեկ Տիրատուրյանը հրավիրվել է այդ երկրի արտաքին գործերի նախարարություն՝ Երևանում Բելառուսի դեսպանատան շենքի մոտ տեղի ունեցած ակցիայի պատճառով։ Այս մասին ԲԵԼՏԱ-ին հայտնել են Բելառուսի ԱԳՆ մամուլի ծառայությունից։
«Հայ դիվանագետը մանրամասն տեղեկացվել է Երևանում Բելառուսի դեսպանատան շենքի դիմաց մի խումբ անձանց կողմից իրականացված վանդալիզմի, դեսպանատանը հասցված վնասի և տեղի ունեցածը կանխելու ուղղությամբ Հայաստանի իրավապահ մարմինների կողմից ակնհայտորեն անբավարար միջոցներ ձեռնարկելու մասին»,- ասել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղարը։
Հանդիպմանը հայկական կողմին մատնանշվել է ընդունող պետության պարտավորությունը՝ ապահովելու Բելառուսի դիվանագիտական ներկայացուցչության և նրա ունեցվածքի անվտանգությունը, ինչպես նաև դիվանագիտական անձնակազմի անվտանգությունը՝ սահմանված դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայով։
Բելառուսական կողմը հույս է հայտնել, որ «վանդալները կբացահայտվեն, կփոխհատուցվեն պատճառված վնասը և կպատժվեն Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով»։
Հիշեցնենք՝ այսօր «Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանն իր թիմակիցների հետ ձվեր, լոլիկ ու կարտոֆիլ է նետել ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան ուղղությամբ։