Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Փաշինյանը Հայաստանը դարձրել է հավաքական Արևմուտքի և պանթուրքիզմի գործիք. Շարմազանով
«Սա շինծու քաղաքական հետապնդում է, Արմեն Աշոտյանն այս կապիտուլյանտ ռեժիմի պատանդն է, գերին է։ Սա բացահայտ քաղաքական գործ է, երբեք պատրանքներ չեմ ունեցել, թե կարելի է արդարադատության ակնկալել»,- ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի դատական նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
Ըստ նրա, եթե քաղաքական իշխանությունը հրահանգի, որ Արմեն Աշոտյանն ազատ արձակվի, Աշոտյանն ազատ կարձակվի ու կարդարացվի, եթե քաղաքական ռեժիմը հրահանգի Աշոտյանին պահել, նույնիսկ Քենեդու սպանության համար, «իրենք կասեն՝ Քենդու սպանությանը մեղավորը ոչ թե Օսվայդն է, այլ Աշոտյանը»։
Անդրադառնալով անվտանգային խնդիրներին, Է. Շարմազանովը նախ հարցադրում արեց՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը Հայաստանի անվտանգության հետ ի՞նչ կապ ունի։
«Սա այն կառավարությունն է, որը հանձնել է Արցախը, Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս, չի խոսում Բաքվի բանտերում մեր պատանդների մասին, խոստացել է խաղաղություն, բայց բերել է պատերազմներ։ Սա այն կառավարությունն է, որ Տավուշի 4 գյուղ առանց որևէ խաղաղության պայմանագրի տվել է Ադրբեջանին, հարձակվել է եկեղեցու, ազգային արժեքների վրա, անկախության հռչակագրի վերանայման, Սահմանադրությունը փոխելու կոչեր է անում։ Սա այն կառավարությունն է, որը սպասարկում է Թուրքիայի և Ադրբեջանի շահերը։ Այս ամենով հանդերձ, դուք այս կառավարությունից սպասում եք, որ կարող են անվտանգության երաշխավոր լինե՞լ կամ անվտանգություն ապահովե՞լ։
Այս իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանում իրականացնում է տռոյական ձիու գործառույթ»,- ասաց ընդդիմադիր քաղաքական գործիչը։
Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանի ապաշնորհ քաղաքականության հետևանքով Հայաստանը վեր է ածվել աշխարհաքաղաքական ու ռեգիոնալ խաղացողների, պետությունների միջև կռվախնձորի.
«Փաշինյանը Հայաստանը բերել ու դարձրել է պալիգոն։ Ակնհայտ տեսնում ենք, որ որ Իրանը խոսում է իր շահերից, ասում է՝ ոչ մի միջանցք, ոչ մի թուրքական ճանապարհ։ Այդ միջանցքը, որ թուրքն անվանում է «Զանգեզուրի», Նիկոլը՝ «հայկական խաչմերուկ», Իրանում անվանում են «թուրանական միջանցք»։
«Ռուսաստանն այս տարածշրջանում կարևորագույն խաղացողներից մեկն է։ Բնական է, որ պետք է հանդիպի Ալիևի հետ։ Նիկոլի հետ ո՞նց հանդիպի։ Նիկոլենք վավերացրեցին Հռոմի ստատուտը, Նիկոլի պատգամավորների մի մասը գլուխ էր գովում, որ եթե Պուտինը գա այստեղ, իրեն կալանավորելու են»,- ասաց Շարմազանովը։
Ըստ նրա, նոր հարձակում տեսականորեն հնարավոր է, բայց պատերազմի հավանականություն չի տեսնում, պատերազմում են այն ուժերը, որոնք հավասարազոր են։ Միաժամանակ Էդուարդ Շարմազանովն ընդգծեց. «Փաշինյանը Հայաստանը դարձրել է հավաքական Արևմուտքի և պանթուրքիզմի գործիք»։