Մեր կոնյակն այժմ իզոտոպային լաբորատոր փորձաքննություն անցնում է ՌԴ-ում, պաշտոնական արձագանք չկա. Գևորգ Պապոյան
Տնտեսություն
13:57 22/08/2024
Տարածաշրջան

Մեր կոնյակն այժմ իզոտոպային լաբորատոր փորձաքննություն անցնում է ՌԴ-ում, պաշտոնական արձագանք չկա. Գևորգ Պապոյան

«Ցավոք Հայաստանում չենք ունեցել իզոտոպային լաբորատորիա, փորձենք այս ընթացքում այդ կարողությունը ստեղծել, եթե չհաջողվի, ապա կդնենք պարտադիր պահանջ եվրոպական երկրներում իզոտոպային լաբորատորիայի»,-կառավարության շենքի դիմաց լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Նա բացատրեց, որ Հայաստանից եթե, որևէ կոնյակի սպիրտ կարտահանվի, կունենա լաբորատոր փորձաքննությամբ փաստաթուղթ, որ, օրինակ, շվեյցարական այսինչ իզոտոպային լաբորատորիայում այս տակառի կոնյակն անցել է փորձաքննություն, և ապացուցվում է, որ դա խաղողից ստացված կոնյակի սպիրտ է։

Ըստ նախարարաի՝ կառավարության նպատակն այն է որ արտահանվող ապրանքների և ծառայությունների և Հայաստանում իրացվողի որակն անընդհատ բարձրանա և յմարավոր լինի բոլոր երկրներում դրանք վաճառեն։ 

«Մեզ նվազագույնը որակի հետ կապված հարցեր չհնչեն, իսկ հնչելու դեպքում մենք, որպես պատասխան, ցույց տանք միջազգային լաբորատորիաների փորձաքննության արդյունքները»,-հայտարարեց Պապոյանը:

Արձագանքելով այն հարցին, թե ռուսական մամուլում հայկական կոնյակի մասին հնչող դժգոհությունների մեջ քաղաքական միտում արդյոք կա՝ Պապոյանն ասաց, թե ինքը էկոնոմիկայի նախարարն է, և իր լիազորությունների շրջանակում պետք է հնարավորն անեմ, որպեսզի խնդիրներն իր նշած մակարդակում լուծվեն:

Հիշեցնելով, որ հայկական կոնյակի շատ մեծ տոկոսն արտահանվում է ՌԴ՝ Էկոնոմիկայի նախարարան ասաց. «Մեր կոնյակը՝ բոլորն առանց բացառության այժմ իզոտոպային լաբորատոր փորձաքննություն անցնում է, և անցնում է ՌԴ-ում։  Այնտեղ կան այդպիսի կարողություններ, և մեր կոնյակն անցնում է այդ փորձաքննությունը, և չի կարող որևէ հայկական կոնյակ վաճառվել ՌԴ-ում առանց ռուսական իզոտոպային լաբորատոր փորձաքննության»:

Պապոյանն ասաց, թե կոնյակի որակի հարցում պաշտոնական արձագանք չկա, այն լինելու դեպքում կպատասխանեն:

«Մենք այս պահին և՛ արտահանման, և՛ իրացման հետ կապված որևէ խնդիր չունենք, որևէ ահազանգ չենք ստացել, խնդիր եթե էս պահին բիզնեսը չի բարձրաձայնում, մենք էլ չենք տեսնում այդպիսի խնդիր»,-հայտարարեց Էկոնոմիկայի նախարարը:

Placeholder
Մեր կոնյակն այժմ իզոտոպային լաբորատոր փորձաքննություն անցնում է ՌԴ-ում, պաշտոնական արձագանք չկա. Գևորգ Պապոյան