Ֆրանսիայում երկարաձգվել է Telegram-ի հիմնադիր Դուրովի ձերբակալման ժամկետը
Իրավունք
09:47 26/08/2024
Աշխարհ

Ֆրանսիայում երկարաձգվել է Telegram-ի հիմնադիր Դուրովի ձերբակալման ժամկետը

Ֆրանսիայի դատական իշխանությունները երեկ երեկոյան երկարացրել են Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալման ժամկետը։ Այս մասին հայտնում է France-Presse-ը։
Դուրովի ձերբակալման գործը վարող հետաքննող դատավորը որոշել է երկարացնել Դուրովի կալանքը։ Ֆրանսիայում ձերբակալության նախնական ժամկետը կարող է տևել առավելագույնը 96 ժամ։

Վեստի.ռու-ի հաղորդմամբ, նշվում է նաև, որ երբ ավարտվի Դուրովի ձերբակալության նախնական փուլը, դատավորը կարող է ազատ արձակել Դուրովին կամ նրան մեղադրանք առաջադրել և կալանքի տակ վերցնել։

Հիշեցնենք, որ Պավել Դուրովը ձերբակալվել է Փարիզի Լե Բուրժե արվարձանի օդանավակայանից  օգոստոսի 24-ին։ Դուրովը մասնավոր ինքնաթիռով Ֆրանսիա էր  ժամանել Բաքվից:

Ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ, Դուրովը, որը Ֆրանսիայի քաղաքացիություն ունի, եղել է երկրում հետախուզվողների ցուցակում։ Նախաքննության հիման վրա համապատասխան հարցումով դիմել է Ֆրանսիայի անչափահասների դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը։

Ռուսական թելեգրամյան ալիքները հաղորդում են, որ կալանավորման օրդերը տրվել էր այն պատճառով, որ Դուրովը չի համագործակցել Ֆրանսիայի ուժային կառույցների հետ։ Նրան կարող է մեղադրանք առաջադրվել մի քանի հոդվածով՝ ահաբեկչություն, թմրանյութեր, խարդախություն, փողերի լվացում և այլն։ Պավել Դուրովին սպառնում է 20 տարվա ազատազրկում։

Placeholder
Ֆրանսիայում երկարաձգվել է Telegram-ի հիմնադիր Դուրովի ձերբակալման ժամկետը