Արդյոք Պուտինն ու Դուրովը հանդիպել են Բաքվում
Քաղաքական
14:51 26/08/2024
Աշխարհ

Արդյոք Պուտինն ու Դուրովը հանդիպել են Բաքվում

Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ  Դմիտրի Պեսկովը ճեպազրույցի ժամանակ ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բաքվում չի հանդիպել Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի հետ, ով ձերբակալվել է օգոստոսի 24-ին  Ֆրանսիայում:

«Ոչ»,- Գազետա.ռու-ի հաղորդմամբ, լրագրողի համապատասխան հարցին պատասխանել է Պեսկովը։

Հիշեցնենք, որ Պավել Դուրովը ձերբակալվել է Փարիզի Լե Բուրժե արվարձանի օդանավակայանից  օգոստոսի 24-ին։ Դուրովը մասնավոր ինքնաթիռով Ֆրանսիա էր  ժամանել Բաքվից: Իսկ ՌԴ նախագահ Վլադմիր Պուտինը օգոստոսի 18-19-ը պետական այցով  եղել է Ադրբեջանում։

Պուտինն ու Դուրովը միաժամանակ էին Բաքվում։  Baza Թելեգրամ ալիքը հայտնել է, որ Պուտինը հրաժարվել է Բաքվում հանդիպել Դուրովի հետ։ Պուտինի՝ Ադրբեջան այցից մի քանի օր առաջ նախագահի աշխատակազմի անդամները նրան առաջարկել են հանդիպում կազմակերպել Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի հետ, սակայն Պուտինը մերժել է։

Ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ, Դուրովը, որը Ֆրանսիայի քաղաքացիություն ունի, եղել է երկրում հետախուզվողների ցուցակում։ Նախաքննության հիման վրա համապատասխան հարցումով դիմել է Ֆրանսիայի անչափահասների դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը։

Ռուսական թելեգրամյան ալիքները հաղորդում են, որ կալանավորման օրդերը տրվել էր այն պատճառով, որ Դուրովը չի համագործակցել Ֆրանսիայի ուժային կառույցների հետ։ Նրան կարող է մեղադրանք առաջադրվել մի քանի հոդվածով՝ ահաբեկչություն, թմրանյութեր, խարդախություն, փողերի լվացում և այլն։ Պավել Դուրովին սպառնում է 20 տարվա ազատազրկում։
 

Placeholder
Արդյոք Պուտինն ու Դուրովը հանդիպել են Բաքվում