Աստղիկ Ավետիսյան. Կրթական ծրագիր փակել-չփակելու մասին որոշում են սուրճի սեղանի շուրջ
Կրթություն, գիտություն
11:49 09/09/2024
Հայաստան

Աստղիկ Ավետիսյան. Կրթական ծրագիր փակել-չփակելու մասին որոշում են սուրճի սեղանի շուրջ

«Եթե մենք չեն պայքարում մեր ու մեր գործընկերների իրավունքների համար, ապա ի՞նչ գործ ունենք ԵՊՀ-ում»,-մայր բուհի բակում հրավիրած ասուլիսում հայտարարեց Աստղիկ Ավետիսյանը, որի ղեկավարած ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի PR մագիստրոսական ծրագիրը փակել են։

Համալսարանում հիմնավորել են, որ ծրագրի շրջանակում դիմորդներ չկան, սակայն Ավետիսյանը պնդում է՝ իրականությունն այլ բան է ցույց տալիս։

«2011 թվականից ծրագիրը շատ ակտիվ գործում է, հատկացված տեղերից շատ ավելի դիմորդներ են եղել։ Չի եղել մի շրջանավարտ, որն իր տեղն աշխատաշուկայում չի գրավել։ Ծրագրի արդյունավետության վերաբերյալ մշտադիտարկում չի իրականացվել, արդյունքներն ամբիոնում, գիտխորհրդում քննարկման չեն դրվել»,-ասաց նա։

Աստղիկ Ավետիսյանը մամուլից տեղեկացել է, որ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում իր ղեկավարած ծրագիրը փակելուց հետո նմանատիպ ծրագիր բացել են նույն բուհի սոցոլոգիայի ֆակուլտետում, մինչդեռ ծրագրի մասնակիցների հետ որևէ քննարկում չի եղել։

«Սա նշանակում է, որ մասնագետների հետ որևէ քննարկում տեղի չի ունենում, հաշվի չեն առնում  նրանց կարծիքը, և դրա արդյունքում որոշումներ են կայացվում այնպիսի մարդկանց կողմից, որ ինչքան ես հասկանում եմ՝ սուրճի սեղանի շուրջ նստած միասին քննարկում են, թե ինչ կրթական ծրագիր կարող է մնալ, ինչ կրթական ծրագիր կարող է դուրս գալ։ Ծրագրի փակումից հետո Ժուռնալիստիկայի ֆակուլտետում բոլոր դասախոսներն աշխատում են կես դրույք ծանրաբեռնվածությամբ»,-ասաց նա։

Պատասխանելով հարցին, արդոք քաղաքական հետապնդում համարում է տեղի ունեցածը, Ա. Ավետիսյանն ասաց. «Ես քաղաքական գործիչ չեմ, բայց պարբերաբար մասնագիտական կարծիք եմ հայտնում՝ բխեցնելով մասնագիտական որակներից, ոչ թե որևէ քաղաքական ուժի դիրքորոշում հնչեցնելուց։ Բայց պարզվում է, որ դա ևս անհրաժեշտ չէ, քանի որ դու խանգարում ես որոշ մարդկանց»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Placeholder
Աստղիկ Ավետիսյան. Կրթական ծրագիր փակել-չփակելու մասին որոշում են սուրճի սեղանի շուրջ