Թենիսիստուհի Էլինա Ավանեսյանն այսօր նշում է 22-ամյակը
Սպորտ
15:08 17/09/2024
Հայաստան

Թենիսիստուհի Էլինա Ավանեսյանն այսօր նշում է 22-ամյակը

Թենիսիստուհի Էլինա Ավանեսյանին, որը Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 49-րդ տեղն ու արդեն մի քանի միջազգային մրցաշարերի է մասնակցել ՀՀ դրոշի ներքո, այսօր նշում է ծննդյան 22-ամյակը։

Նրան այսօր ընդունել է ԿԳՄՍ նախարարի պաշտոնը զբաղեցնող Ժաննա Անդրեասյանը։ Վերջինը ողջունել է Էլինա Ավանեսյանի՝ ՀՀ դրոշի ներքո հանդես գալու որոշումը:

«Ձեր օրինակը կոգեշնչի ու կմոտիվացնի մեր երեխաներին՝ զբաղվելու թենիսով և ավելի ակտիվորեն ներգրավվելու սպորտում: Հավատացած եմ, որ դեռ մեծ հաջողություններ եք ունենալու, ինչը կնպաստի նաև մեր երկրում թենիսի մասսայականացմանն ու զարգացմանը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Էլինա Ավանեսյանը խոստովանել է՝ շատ հպարտ է հանդես գալ Հայաստանի Հանրապետության դրոշի ներքո: Նա հույս է հայտնել, որ կկարողանա նպաստել մեր երկրում մարզաձևի զարգացմանն ու մասսայականացմանը: Թենիսիստուհին պատմել է՝ երեկ Երևանում հանդիպել է նաև 100-ից ավելի երեխաների հետ, վարպետության դաս անցկացրել նրանց հետ, կիսվել խորհուրդներով: Ավանեսյանը նաև ինքնագրեր է բաժանել և լուսանկարվել նրանց հետ:

«Տպավորություններս աննկարագրելի են: Հիանալի փորձառություն էր: Շատ մեծ աջակցություն եմ ստանում այստեղ, ինչը շատ ոգևորիչ է ինձ համար»,- խոստովանել է մարզուհին:

ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է՝ ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների ռազմավարությամբ մեծ տեղ է հատկացվում նաև թենիսի զարգացմանը, և պրոֆեսիոնալ մարզիկների հետ համագործակցությունը և նրանց ներուժի օգտագործումը շատ կարևոր է:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Էլինա Ավանեսյանի՝ առաջիկա մրցաշարերի մասնակցությանը վերաբերող հարցեր։


 

Placeholder
Թենիսիստուհի Էլինա Ավանեսյանն այսօր նշում է 22-ամյակը