Պատմության մեջ երբևէ եղած ամենամասշտաբային մշակութային ցեղասպանությունն է կատարվում Արցախում
Քաղաքական
17:03 19/09/2024
Հայաստան

Պատմության մեջ երբևէ եղած ամենամասշտաբային մշակութային ցեղասպանությունն է կատարվում Արցախում

Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերձած լայնածավալ պատերազմից  ու Արցախի ամբողջական հայաթափումից և բռնազավթումից անցել է մեկ տարի։ Այժմ Ադրբեջանի պետական վարչակարգը բռնազաթված Արցախում պատերազմում է պատմամշակութային ժառանգության դեմ, որը  համամարդկային, համաքրիստոնեական արժեք ունի։

Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմենն ահազանգում է, որ այս մեկ տարվա ընթացքում ամբողջական կամ մասնակի ոչնչացվել ու ձևախեղվել են տասնյակ պատմա-ճարտարապետական հուշարձաններ։

«Առանձնակի դաժանությամբ ոչնչացվում են հաղթանակի  խորհրդանիշ հանդիսացող և հանուն հայրենիքի նահատկված հերոսների հիշատակը հավերժացնող  հուշարձանները։ Հիմնովին ոչնչացվել են մի շարք բնակելի թաղամասեր և ամբողջական բնակավայրեր։ Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվում է Արցախի իսլամացման  քաղաքականություն։ Այս ամենի նպատակն է Արցախում ամբողջապես ոչնչացնել հայկական հետքը։ Ներկայումս  Արցախում գտնվող ամբողջ պատմամշակութային ժառանգությունը գտնվում է  վտանգի տակ։ Հայ ժողովրդի բազմադարյա ներկայության, իր հողում տեղաբնիկ լինելու հետքերը ջնջելու համար ցինիզմն հասնում է այնտեղ, որ անգամ նախապես են պաշտոնական մակարդակում հայտարարում, որ հիմա էլ պատրաստվում են քանդել այս կամ այն հուշարձանը, և դա տարածվում է համացանցում. այս մասին վկայություններ ևս կան։

Վիճակագրությունը ցույց է տալիս, թե ինչ մասշտաբներով է իրականցվում Արցախում հայ մշակույթի ժառանգության հանդեպ վանդալիզմը. շաբաթվա ընթացքում մենք մեզ հետ համագործակցող միջազգային գիտական կենտրոններից ստանում ենք առնվազն երկու ահազանգ, որ վտանգված է կամ արդեն քանդվել է հերթական հուշարձանը։

Սա պատմության մեջ երբևէ եղած ամենամասշտաբային մշակութային ցեղասպանությունն է»,- նշում է Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմենը։  

Placeholder
Պատմության մեջ երբևէ եղած ամենամասշտաբային մշակութային ցեղասպանությունն է կատարվում Արցախում