Մահացել է արվեստի վաստակավոր գործիչ Արեգ Լուսինյանը
Մշակույթ
16:10 02/10/2024
Հայաստան

Մահացել է արվեստի վաստակավոր գործիչ Արեգ Լուսինյանը

89 տարեկնում մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Արեգ Լուսինյանը։ Լուրը հայտնում է Հայաստանի կոմպոզիտորների միությունը։ 

Արեգ Լուսինյանը ծնվել է 1935 թվականին Ախալցխայում։  1952-1956 թվականներին սովորել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում` Էդվարդ Միրզոյանի կոմպոզիցիայի դասարանում, 1956-1961 թվականներին` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում` Գրիգոր Եղիազարյանի, Ղազարոս Սարյանի կոմպոզիցիայի դասարաններում։

Լուսինյանը հեղինակել և տպագրել է երաժշտությանը վերաբերող մի շարք գործեր՝ «Երաժշտությունը մանկապարտեզում» ձեռնարկ, «Լարային կվարտետ թիվ 1», «Լույսը հաղթության», «Հայկական ժողովրդական մեղեդիների մշակումներ», 5-րդ, 6-րդ և 7-րդ դասարանների Երաժշտություն առարկայի դասագրքեր և դրանց ձեռնարկը, «Աֆորիզմներ և փիլիսոփայական մտորումներ» և այլն։

Արեգ Լուսինյանը մեծակտավ, կամերային-գործիքային, վոկալ երկերի, ինչպես նաև մանուկների ու պատանիների համար գրված բազմաթիվ ստեղծագործությունների հեղինակ է։ Հրատարակված 76 հեղինակային և շուրջ 200 (Երևանում, Մոսկվայում, Բեյրութում, Կիևում, ԱՄՆ-ում, Թեհրանում) ժողովածուներում հազարի հասնող ստեղծագործությունների հեղինակ է։

Հայաստանի հանրային ռադիոյի ոսկե ‎ֆոնդում ներառված են նրա 300 ստեղծագործությունների ձայնագրությունները։ Կան ձայնագրություններ նաև այլ երկրների ռադիո‎ֆոնդերում։ Կոմպոզիտորի ստեղծագործություններից մի քանիսը զետեղված են նաև խորհրդային «Մելոդիա» ‎ֆիրմայի թողարկած ձայներիզներում։

Կոմպոզիտորի բազմաթիվ ստեղծագործություններ արժանացել են համամիութենական և հանրապետական տարբեր մրցանակների ու խրախուսական պարգևների։

 

Placeholder
Մահացել է արվեստի վաստակավոր գործիչ Արեգ Լուսինյանը