Վրաստանում ընտրախախտումների դեմ պայքարի համար հատուկ ոստիկանական խմբեր են ստեղծվել
Քաղաքական
12:38 04/10/2024
Տարածաշրջան

Վրաստանում ընտրախախտումների դեմ պայքարի համար հատուկ ոստիկանական խմբեր են ստեղծվել

Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին հրաման է արձակել ոստիկանության տարածքային բաժիններում ստեղծել հատուկ խմբեր, որոնք պատասխանատու կլինեն հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքում իրավախախտումների կանխարգելման և բացահայտման համար։

«Ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին համապատասխան հրաման է արձակել՝ ապահովելու, որպեսզի 2024 թվականի հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններն անցկացվեն ազատ, անվտանգ և խաղաղ միջավայրում, ըստ հրամանի՝ ստեղծվելու են խմբեր իրավախախտումները բացահայտելու և դրանք կանխելու համար»,-«ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին ասված է նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ համապատասխան խմբերին հանձնարարվել է օրենքով սահմանված կարգով անհրաժեշտության դեպքում ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ։

«Հրամանագիրը պարտավորեցնում է ոստիկաններին իրենց պարտականությունները կատարելիս պահպանել քաղաքական չեզոքության սկզբունքը, չի թույլատրվում, որ իրավապահի գործողություններն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ուղղված լինեն որևէ կուսակցության դեմ կամ ի պաշտպանություն նրա»,-ասվում է հրապարակման մեջ։

Placeholder
Վրաստանում ընտրախախտումների դեմ պայքարի համար հատուկ ոստիկանական խմբեր են ստեղծվել