Վահանաձև գեղձի հիվանդությունների մեծ մասը սթրեսի հետևանք են. ԱՆ
Առողջություն
17:43 08/10/2024
Հայաստան

Վահանաձև գեղձի հիվանդությունների մեծ մասը սթրեսի հետևանք են. ԱՆ

Վահանաձև գեղձի հիվանդությունների մեծ մասը սթրեսի հետևանք են և շատ հաճախ ի հայտ են գալիս հենց նման իրավիճակից հետո: Առողջապահության նախարարությունից հայտնում են, 
որ հիվանդության պատճառ կարող են դառնալ յոդի անբավարարությունը, վարակները, աուտոիմուն հիվանդությունները, գենետիկական նախատրամադրվածությունը:

Հիվանդության կանխարգելման կարևոր գոծոններից են հոգեհուզական գերլարվածությունից զերծ մնալը, սթրեսակայունությունը (ի լրումն յոդի բավարար մատակարարման), ունենալ նորմալ քնի ռեժիմ:

Այս հիվանդության ախտանշանների սպեկտորը չափազանց լայն է, դրանք երբեմն կարող են քողարկվել այլ օրգան-համակարգերի հիվանդությունների ախտանշանների տակ և զգալիորեն տարբերվել` կախված հիվանդության տեսակից և դրա փուլից:

Հորմոնների նվազ արտադրության դեպքում ի հայտ են գալիս քաշի ավելացում, խոլեստերինի ավելացում, թուլություն, քնկոտություն, հոգնածություն, դեմքի և վերջույթների այտուցվածություն, դեպրեսիա, քնի խանգարում, դաշտանային ցիկլի խանգարում, տղամարդկանց մոտ` լիբիդոյի նվազում:

Չոր մաշկը, փխրուն եղունգները և մազերը, փորկապությունը,  հիշողության վատացումը, ուշադրության նվազումը ևս կարող են վահանաձև գեղձի դիսֆունկցիայի նշաններ լինել:
Վահանաձև գեղձի հորմոնների արտադրության ավելացման դեպքում կարող են դիտվել ընդհանուր թուլություն, հոգնածություն, անքնության և դյուրագրգռության նշաններ:

Նկատվում է զարկերակային ճնշման բարձրացում, վերջույթների կամ ամբողջ մարմնի դող, քաշի կորուստ նույնիսկ պատշաճ սնվելու պարագայում, դաշտանային ցիկլի խանգարումներ և լիբիդոյի նվազում տղամարդկանց մոտ: Նկատվում է նաև քրտնարտադրության ավելացում, շոգի անտանելիություն, սրտի ռիթմի խանգարումներ, հաճախասրտություն։

Նման նշանների դեպքում անհրաժեշտ է էնդոկրինոլոգի խորհրդատվություն հիվանդության ախտորոշման ու բուժման համար:

Placeholder
Վահանաձև գեղձի հիվանդությունների մեծ մասը սթրեսի հետևանք են. ԱՆ