Չէ, մտավախություն չունեմ. Ավանեսյանը՝ ՔՊ-ի կողմից իրեն անվստահություն հայտնելու մասին
Առողջություն
13:46 17/10/2024
Հայաստան

Չէ, մտավախություն չունեմ. Ավանեսյանը՝ ՔՊ-ի կողմից իրեն անվստահություն հայտնելու մասին

«Չէ, մտավախություն չունեմ»,-կառավարության շենքի դիմաց հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով լրագրողի դիտարկմանը, որ ՔՊ-ական մի խումբ պատգամավորներ են ձևավորվել, որոնք արշավներ են սկսում տարբեր նախարարների, ուժային կառույցների ղեկավարների դեմ, և արդյոք նախարարը մտավախություն չունի, որ իրեն էլ կհասնի։

Անդրադառնալով ԱԺ-ում կազմակերպված իրավապահ մարմինների գործունեությանը վերաբերող հայտնի լսմանը՝ Ավանեսյանն ասաց.  «Դրանք կարևոր են ևս մեկ անգամ շեշտադրվելու, թե որն է մեր քաղաքականությունը նույն հանցավորության դեմ պայքարի, թմրամիջոցների դեմ պայքարի առումով: Իհարկե, բոլորս ակնկալում ենք, որ թե հանրային լսումները, թե ընդհանրապես քաղաքական դիսկուրսը մեր երկրում շատ ավելի հանգիստ, կառուցողական, ավելի բովանդակությանը վերաբերելի պետք է լինի»:

Առողջապահության նախարարը նաև հայտնեց,որ «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնում եթե տեսչական մարմինը խախտումներ հայտնաբերի, ապա կդիտարկվի լիցենզիան դադարեցնելու հարցը։

Լրագրողը հետաքրքրվեց, թե պետք է պարտադիր քաղաքացի մահանա՞, որ լծակների դիմեն, և ընդհանրապես նախարարությունը տեղյակ է, որ ինչ-որ բժիշկներ են հայտնվում, բացում են ինչ-որ սենյակներ ու անցկացնում բարդ վիրահատություններ։

«Կխնդրեմ որակումների մեջ մի քիչ ավելի փաստային հանգամանքներ դնել: Տեսեք, կազմակերպությունն ունի լիցիենզիա, լիցենզիայի պայմաներին հետևելու հանգամանքը պետք է տեսչական մարմինները պարզեն և եթե հայտնվեն խախտումներ, կդիտարկվի լիցենզիան կասեցնելու կամ դադարեցնելու հարցը»,-ասաց Ավանեսյանը և շարունակեց.
«Մենք հետևողական ենք լինելու, որ պարզվեն ամբողջ հանգամանքները, ինչն է հանդիսացել մահվան պատճառը, արդյոք տեղի է ունեցել բժշկական սխալ և ինչպիսին, դրանից հետևությունները շատ խիստ են արվելու»:

Placeholder
Չէ, մտավախություն չունեմ. Ավանեսյանը՝ ՔՊ-ի կողմից իրեն անվստահություն հայտնելու մասին