Վրաստանի նախագահը միացել է ընդդիմության կազմակերպած նախընտրական հանրահավաքին
Քաղաքական
21:29 20/10/2024
Տարածաշրջան

Վրաստանի նախագահը միացել է ընդդիմության կազմակերպած նախընտրական հանրահավաքին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին միացել է Թբիլիսիում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ընդդիմության կազմակերպած հանրահավաքին։ Այս մասին թբիլիսիից հայտնել է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

Զուրաբիշվիլին կանգնած է բեմի մոտ, որտեղ ելույթ են ունենում ցույցի կազմակերպիչները։ Նա ԶԼՄ-ների հետ չի հանդիպել։

Վրաստանի ընդդիմության կողմնակիցները խորհրդարանական ընտրություններից մեկ շաբաթ առաջ երթ են անցկացրել Թբիլիսիում՝ ի պաշտպանություն երկրի Եվրամիությանն ինտեգրման։ Մայրաքաղաքի մի քանի հազար բնակիչներ՝ կրելով Վրաստանի և ԵՄ դրոշները, Թբիլիսիի հինգ տարբեր թաղամասերից «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը» խորագրի ներքո երթի են դուրս եկել։ Երթից հետո ցուցարարները հավաքվել են քաղաքի կենտրոնում՝ Ազատության հրապարակում, որտեղ համերգ էր ընթանում։

Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 26-ին։ Ընտրություններում ամենաշատ ձայներ հավաքած կուսակցությունը ճանաչվում է հաղթող և խորհրդարանին կներկայացնի վարչապետի թեկնածու, որն էլ իր հերթին կներկայացնի իր կաբինետը: Եթե ընդդիմությունն ընդհանուր առմամբ ունենա 50%-ից ավելի տեղեր խորհրդարանում, ապա նա կկարողանա ազդել կառավարության ձևավորման վրա։
 

Placeholder
Վրաստանի նախագահը միացել է ընդդիմության կազմակերպած նախընտրական հանրահավաքին