Դրական չենք արձագանքի, եթե առաջարկվի 3+3 հարթակը լինի ՀՀ-Ադրբեջան բանակցությունների հարթակ. Միրզոյան
Քաղաքական
17:45 23/10/2024
Հայաստան

Դրական չենք արձագանքի, եթե առաջարկվի 3+3 հարթակը լինի ՀՀ-Ադրբեջան բանակցությունների հարթակ. Միրզոյան

«Մենք կարևորում ենք մեր հարևանների հետ հարաբերությունները, ձգտում ենք էապես զարգացնել հարաբերություններն այն գործընկերների հետ, ում հետ ունենք հարաբերություններ, կարգավորել հարաբերություններ այն հարևանների հետ, ում հետ չունենք հարաբերություններ»,- Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով անցած շաբաթ Ստամբուլում կայացած 3+3 տարածաշրջանային խորհրդատվական հարթակի հերթական հանդիպման մասին հարցերին, որին մասնակցել էր նաև նա։

Միրզոյանի խոսքով, կշարունակեն մասնակցել 3+3 հարթակի հանդիպումներին՝ կարևորելով տարածաշրջանում հարևանների հետ հարաբերությունները։

Ինչ վերաբերում է  հարցին՝ ինչպես կարող է հարթակը լինել կամ չլինել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների հարթակ, նա նշեց. «Այդ առաջարկը մեծ հաշվով չկա էլ դրված սեղանին, եթե լինի էլ, մենք նպատակահարմար չենք գտնի դրան դրական արձագանքել, որովհետև մենք Ադրբեջանի հետ ունենք երկկողմ բանակցությունների ձևաչափը, ընդ որում բոլոր ուղղություններով՝ սահմանազատման, խաղաղության պայմանագրի, հարաբերությունների կարգավորման շուրջ, այլ բան, որ ինչպես բազմակողմ միջոցառումների ընթացքում, այնպես էլ այս դեպքում, տարբեր երկրների նախարարներ օգտագործում են միաժամանակ մի տեղ գտնվելու առիթն ու բանակցություններ ևս ունենում են։

Այս անգամ բանակցությունների հերթական ռաունդն ունեցանք Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ, կենտրոնացանք խաղաղության պայմանագրի տեքստի վրա, փորձեցինք դրական զարգացում ապահովել, մոտեցնել պայմանագրի հնարավոր շուտափույթ կնքում»,- ասաց Միրզոյանը։

Միաժամանակ նա նշեց, որ կոչ է անում Ադրբեջանին ավելի կառուցողական ներգրավել բանակցություններում։

ԱԳ նախարարը նաև նշեց, որ Թուրքիայի հետ երկխոսությունը դրական հունով զարգանում է. «Կարծում եմ՝ որոշակի շոշափելի առաջընթաց ունենք, նաև օդային տարածքից օգտվելու։ Կան որոշակի վստահությունն ամրապնդող միջոցառումներ, որոնք պլանավորում ենք իրականացնել»։

Placeholder
Դրական չենք արձագանքի, եթե առաջարկվի 3+3 հարթակը լինի ՀՀ-Ադրբեջան բանակցությունների հարթակ. Միրզոյան