Վրաստանում խորհրդարանական ընտրությունների ժամանակ հայտնաբերված խախտումները պետք է հետաքննվեն․ ԵԽ պատգամավորներ
Քաղաքական
20:00 28/10/2024
Տարածաշրջան

Վրաստանում խորհրդարանական ընտրությունների ժամանակ հայտնաբերված խախտումները պետք է հետաքննվեն․ ԵԽ պատգամավորներ

Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մաքալիսթերը, Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության նախագահ Նիլս Ուշակովսը և Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության նախագահ Սերգեյ Լագոդինսկին համատեղ հայտարարություն են տարածել: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։

Եվրախորհրդարանի պատգամավորները նշել են՝ Վրաստանում խորհրդարանական ընտրությունների ժամանակ հայտնաբերված խախտումները պետք է հետաքննվեն և վերացվեն:

Նրանք ընդգծել են՝ վրաց ժողովուրդը ևս մեկ անգամ ցույց տվեց իր հավատարմությունն ու նվիրվածությունը ժողովրդավարությանը ոչ միայն ընտրողների մեծ թվով, այլև ակտիվորեն մասնակցելով այդ ընտրությունների դիտարկմանը և բացահայտելով խախտումները։

«Միջազգային դիտորդների հայտնաբերած խախտումների թվում եղել են բռնության, կաշառքի, կրկնակի քվեարկության, լրատվամիջոցների և դիտորդների գործունեությանը խոչընդոտելու, ընտրատեղամասերի ներսում և դրսում ընտրողներին ահաբեկելու դեպքեր։ Հայտնաբերված բոլոր խախտումները պետք է անհապաղ հետաքննվեն և շտկվեն համապատասխան բողոքների և բողոքարկման ընթացակարգերի շրջանակներում»,- շեշտել են ԵԽ պատգամավորները:

Նրանք հույս են հայտնել, որ հետընտրական շրջանը կլինի խաղաղ ու ժողովրդավարական, և անմիջապես ձեռնարկված քայլերը Վրաստանը կվերադարձնեն եվրոպական ուղի և կիրականացնեն վրացիների նկրտումները։

«Մենք կշարունակենք ուշադիր հետևել Վրաստանում տեղի ունեցող զարգացումներին և կաջակցենք ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, որոնք կապահովեն ազատ և արդար ընտրություններ, օրենքի գերակայություն և մարդու իրավունքների առաջխաղացում»,- ասված է հայտարարության մեջ։

Placeholder