Էլինա Դանիելյան. Մշտապես ձգտելու ենք հասնել ավելիին
Սպորտ
10:31 29/10/2024
Հայաստան

Էլինա Դանիելյան. Մշտապես ձգտելու ենք հասնել ավելիին

ԿԳՄՍ  նախարար Ժաննա Անդրեասյանը նախօրեին ընդունել է Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց հավաքականներին, որոնք վերջերս Բուդապեշտում մասնակցել են շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադային: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Արմեն Գևորգյանը:

ԿԳՄՍ նախարարը ողջունել է շախմատիստներին, շնորհակալություն հայտնել հաջող մրցելույթների համար և շնորհավորել նրանց գրանցած արդյունքների առթիվ: Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ շախմատն առանձնահատուկ նշանակություն ունի հանրության շրջանում, հատկապես այն ժամանակից ի վեր, ինչ շախմատը՝ որպես առարկա, սկսել է դասավանդվել հանրակրթական դպրոցներում:

ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է նաև պատանի շախմատիստների հաջող մրցելույթներին, որոնք բարձր արդյունքներ են գրանցել արագ և կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությունում. «Սա նշանակում է, որ նաև արդյունքների կայունություն ու շարունակականություն ունենք: Մեր երեխաների արդյունքները ցույց են տալիս, որ մեծ վստահությամբ կարող ենք այդ մասին խոսել»:

ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, Ժաննա Անդրեասյանը Հայաստանի շախմատի հավաքականի մարզիկներին ու մարզիչներին շնորհավորել է նաև ՖԻԴԵ-ի կողմից 100-ամյակի լավագույն թիմ ճանաչվելու առթիվ:

«Սա մեծ պատասխանատվություն ու պատիվ է: Վստահ եմ՝ դարի լավագույն թիմի անվան ներքո հանդես գալը հետագայում յուրաքանչյուրիդ համար լրացուցիչ պատասխանատվություն է լինելու: Մյուս կողմից՝ կարևոր է, որ շարունակական աշխատանքը գնահատվում է ոչ միայն երկրի ներսում, այլև միջազգայնորեն ճանաչելի է դարձնում Հայաստանը՝ որպես շախմատային երկիր»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու հետագա հաջողություն մաղթել մարզիկներին:

Հայաստանի կանանց հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը, անդրադառնալով արդյունքներին, հավաստիացրել է՝ մշտապես ձգտելու են հասնել ավելիին:

Հիշեցնենք՝ Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամներ Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը համաշխարհային 45-րդ օլիմպիադայում բրոնզե մեդալներ էին նվաճել առանձին խաղատախտակներին: Կանանց մրցաշարում Հայաստանի հավաքականը թիմային պայքարում կիսել էր 3-6-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը: Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականն օլիմպիադայում կիսել էր 2-6-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 6-րդ հորիզոնականը

 

Placeholder
Էլինա Դանիելյան. Մշտապես ձգտելու ենք հասնել ավելիին