«Ժողովուրդ». Պատկերացնո՞ւմ եք՝ որևէ երկրի ղեկավար իր նախարարների հետ հեռախոսազրույցների մասին հաղորդագրութուն տարածի
Օրվա մամուլ
09:48 02/11/2024
Հայաստան

«Ժողովուրդ». Պատկերացնո՞ւմ եք՝ որևէ երկրի ղեկավար իր նախարարների հետ հեռախոսազրույցների մասին հաղորդագրութուն տարածի

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանի մոտ ՀՀ նախագահ աշխատող Վահագն Խաչատուրյանը, որ այս օրերին գտնվում է Կոլումբիայում, խիստ կարևոր աշխատանք է կատարել, որի մասին նախագահականը հաղորդագրություն է տարածել. Հայաստանի նախագահը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի շրջակա միջավայրի և արտաքին գործերի նախարարների հետ: Այսինքն, ոչ թե օտարերկրյա որևէ պաշտոնյայի, այլ հենց այն երկրի պաշտոնյաների հետ, որի նախագահն է ինքը։

Ավելի աբսուրդ միջադեպ դժվար է մտածել։ Պատկերացնո՞ւմ եք՝ որևէ երկրի ղեկավար իր նախարարների հետ հեռախոսազրույցների մասին հաղորդագրութուն տարածի։ Բայց Վահագն Խաչատուրյանի դեպքում միանգամայն հասկանալի է. այս մարդը նախարարների հետ շփվում է այնքանով, որքանով թույլատրված է։ Ուստի, նախարարների հետ նրա շփումները «տոն են, որ միշտ նրա հետ չեն», ու այնքան եզակի, բացառիկ իրադարձություն է սա, որ նախագահականը հատուկ հաղորդագրություն է տարածել։

Իսկ գիտե՞ք` ինչու է նա հեռախոսազրույց ունեցել Միրզոյանի ու Սիմիդյանի հետ. իհարկե` շնորհակալություն հայտնելու համար. «Նախագահը շնորհավորել և շնորհակալություն է հայտնել նախարարներին բարձր մակարդակի միջազգային համաժողովը Հայաստանում անցկացնելու որոշման կայացման գործում երկու նախարարությունների թիմերի ցուցաբերած համակցված և արդյունավետ աշխատանքի համար»։ Սա էլ մեջբերում՝ նախագահականի հաղորդագրությունից։

Ու այս կառույցին հաջորդ տարվա բյուջեից հատկացվելու է 1.6 մլրդ դրամ, որի 97.5 տոկոսը՝ «Նախագահի գործունեության և ներկայացուցչության ապահովում» միջոցառման համար»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Placeholder
«Ժողովուրդ». Պատկերացնո՞ւմ եք՝ որևէ երկրի ղեկավար իր նախարարների հետ հեռախոսազրույցների մասին հաղորդագրութուն տարածի