Աշխարհում հարկերը բարձրացնելու նման փորձ չկա, բանկային համակարգի շահույթը եթե շատ է, ապա շահութահարկն էլ է շատ. Դանիել Ազատյան
Տնտեսություն
12:42 07/11/2024

Աշխարհում հարկերը բարձրացնելու նման փորձ չկա, բանկային համակարգի շահույթը եթե շատ է, ապա շահութահարկն էլ է շատ. Դանիել Ազատյան

«Ֆորումում կքննարկվեն բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ կառավարման, ինչպես նաև պատժամիջոցների և միջազգային պայմաններին համապատասխանության հարցերը»,- «Տարածաշրջանային մարտահրավերներն ու հնարավորությունները  եվրոպական բանկերի հետ համագործակցության շրջանակներում» խորագրով BANKING FORUM 2024-ի ժամանակ ասաց Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը։

Նրա խոսքով՝ հրավիրված  Ֆորումի նպատակն է մեկ հարկի տակ հավաքել տարածաշրջանային և եվրոպական կառույցներին՝ քննարկելու ոլորտի առկա մարտահրավերները, կարծիքներ փոխանակելու եվրոպական ֆինանսական շուկաների հետ ինտեգրման հարցերի վերաբերյալ՝ հնարավորություն ընձեռելով հաստատելու փոխշահավետ գործընկերային հարաբերություններ։

Միջոցառմանը մասնակցում են տեղական և միջազգային ֆինանսական կառույցների և գործընկեր կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաներ։

Դանիել Ազատյանը բացատրեց, որ ներդնելով այդ համակարգը հայաստանյան բանկերը կկարողանան ինտեգրվել միջազգային համակարգում և աշխարհի բանկերի հետ հեշտությամբ կհամագործակցեն։

Հայաստանի բանկերի միության նախագահը հայտնեց, որ ՀՀ բանկերը համագործակցում են եվրոպական բանկերի հետ, բայց համակարգում լիարժեք ինտեգրվելու համար անհրաժեշտ է ժամանակակից չափանիշներին համապատասխան գործիքակազմ օգտագործել։

«Այսօրվա մարտահրավերը բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ կառավարման համապատասխանության ստանդարտների ներդրումներն են, որպեսզի գործարքները լինեն օրինական, թափանցիկ և անվտանգ»,-հայտնեց Ազատյանը։

Նա նշեց, որ նախորդ երկու տարիներն Հայաստանի բանկային համակարգն ունեցել է այնքան շահույթ, որքան միշտ ունեցել են եվրոպական և աշխարհի բանկերը և բացատրեց, որ բանկային շահույթը գնահատվում է ռոյեով՝ շահութը հարաբերված տվյալ բանկի կապիտալով և այն Հայաստանում միշտ եղել է 10-%-ից ցածր, բայց  վերջին տարիներին հասել է 20%-ի, որը համահունչ է եվրոպական, ամերիկյան և վրացական ստանդարտներին։

Ազատյանը հայտնեց, որ այս պահի դրությամբ էլ  Հայաստանի բանկային համակարգի շահութաբերությունը 1-2 %-ով զիջում է տարածաշրջանի երկրներին։

Panorama.am-ը Հայաստանի բանկերի միության նախագահից փորձեց պարզել, թե ի՞նչ կարծիք ունի փորձագիտական շրջաններից հնչող այն առաջարկի վերաբերյալ, ըստ որի՝ եթե բանկերը մեծ շահույթ են ապահովում, ապա պետք է նրանց համար հարկերը բարձրացվեն։

«Աշխարհում չկա նման փորձ, և եթե կա էլ ապա դրանց նպատակները լրիվ այլ են։ Եթե պետությունը գտնում է, որ բանկային համակարգի շահույթները շատ են, ապա մենք պետք է հասկանանք, թե ինչի համեմատ են շատ։ Եթե համեմատում ենք նախորդ տարիների հետ, ապա, այո, այն շատ է և լավ է, որ շատ է, որովհետև նոր-նոր հասնում ենք միջազգային չափանիշներին։ Բանկայաին համակարգի շահույթը եթե շատ է, ապա շահութահարկն էլ է շատ։ Բանկերը երևի տնտեսության միակ ճյուղն են, որոնց հարկերի ճնշող մեծամասնությունը որակով հարկերն են։ Խոսքը շահութահարկի մասին է»։

Placeholder
Աշխարհում հարկերը բարձրացնելու նման փորձ չկա, բանկային համակարգի շահույթը եթե շատ է, ապա շահութահարկն էլ է շատ. Դանիել Ազատյան