Աշխարհի առաջնությունից՝ խորհրդարան․ վրացի ծանրորդն ընտրվել է Վրաստանի ԱԺ պատգամավոր
Քաղաքական
20:59 12/11/2024
Տարածաշրջան

Աշխարհի առաջնությունից՝ խորհրդարան․ վրացի ծանրորդն ընտրվել է Վրաստանի ԱԺ պատգամավոր

Օլիմպիական խաղերի եռակի, ինչպես նաև աշխարհի և Եվրոպայի յոթակի չեմպիոն, վրացի ծանրորդ Լաշա Տալախաձեն չի մասնակցի աշխարհի առաջնությանը։ Արմսպորտի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան։

2015 թվականից ի վեր առաջին անգամ վրացի մարզիկը չի մասնակցի աշխարհի առաջնությանը։ Տալախաձեն «Վրացական երազանք» կուսակցության կողմից ընտրվել է Վրաստանի Ազգային ժողովի պատգամավոր:

31-ամյա Լաշան կկարողանա՞ արդյոք զբաղվել քաղաքականությամբ և շարունակել ծանրամարտի կարիերան, դեռևս պարզ չէ։ Երբ վրացական Politico լրատվական կայքը հարցրեց նրան ապագայի առաջնահերթությունների մասին, Լաշան պատասխանեց. «Սրանք միմյանց չեն հակասում»:

«Ներկայումս ես չեմ մարզվում վնասվածքի պատճառով: Հիմա իմ երկիրն իմ կարիքն ունի: «Վրացական երազանքը» հենց այն ուժն է, որն անհրաժեշտ է մեր երկրին՝ խաղաղությունն ու միասնությունը պահպանելու համար։

«Տեսնենք, թե ինչ կլինի ապագայում… Ես միշտ աջակցել եմ իմ երկրին և շարունակելու եմ դա անել ցանկացած դերում, որը կպահանջվի»,- նշել է Տալախաձեն։

Վրաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Կախի Կախիաշվիլին հույս ունի, որ Լաշան կվերադառնա մարզասրահ, 2026 թվականին կդառնա Եվրոպայի չեմպիոնի տիտղոսակիր և կշարունակի ելույթները մինչև 2028 թվականի Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերը։

Placeholder
Աշխարհի առաջնությունից՝ խորհրդարան․ վրացի ծանրորդն ընտրվել է Վրաստանի ԱԺ պատգամավոր