Վանաձորի Աբելյանի անվան թատրոնում առաջիկայում կլինեն պրեմիերաներ, իսկ մինչ այդ «Ոստրեն ու Մարգարիտը»՝  երևանյան բեմում
Մշակույթ
10:53 20/11/2024
Հայաստան

Վանաձորի Աբելյանի անվան թատրոնում առաջիկայում կլինեն պրեմիերաներ, իսկ մինչ այդ «Ոստրեն ու Մարգարիտը»՝ երևանյան բեմում

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնն արդեն պատրաստվում է ամանորյա ներկայացման. կրտսեր հանդիսատեսի համար Արեն Օսիպյանը բեմադրում է «Բարության գինը» ներկայացումը։

Թատրոնի PR մենեջեր Գոռ Փելեշյանը Panorama.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ թատրոնը միաժամանակ պատրաստվում է  պրեմիերայի, որը բեմ դուրս կգա արդեն 2025-ի սկզբին. թատրոնի  գլխավոր ռեժիսոր Սարգիս Մանուկյանը Եվգենի Շվարցի «Սովորական հրաշք» ներկայացման վրա է աշխատում։

2025-ի ընթացքում թատրոնը նաև հյուրախաղեր է ունենալու։

Իսկ մինչ այդ 2-րդ անգամ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում Երևանի հանդիսատեսին ներկայացրեց Վիլյամ Սարոյանի «Ոստրեն ու Մարգարիտը» ներկայացումը։ Ներկայացումը բեմադրվել է Վիլյամ Սարոյանի 115-ամյակին նվիրված։  Բեմադրությունը` Արեն Օսիպյանի։

«Ոստրեն ու Մարգարիտը» պիեսի հիմքում ընկած է ընտանիքի պահպանման խորհուրդը: Ընտանեկան դժվարին իրավիճակը գրողը ներկայացնում է Քլարքի որդի պատանի Քլեյի զգացմունքների ու ապրումների միջոցով: Անհոգ երեխան բախվում է կյանքի դժվարությանը: Նրան անհայր մնալու վտանգն է սպառնում, և մոռանալով իր մանկական խաղերն ու անհոգությունը՝ երեխան մտածում է միայն հորը տուն վերադարձնելու մասին: Սարոյան գրողի բարությունը չէր կարող անհայր թողնել փոքրիկ հերոսին:

«Ոստրեն ու մարգարիտը» համարվում է «հույսի գրականության» լավագույն սիմվոլիստական գործերից:

Placeholder
Վանաձորի Աբելյանի անվան թատրոնում առաջիկայում կլինեն պրեմիերաներ, իսկ մինչ այդ «Ոստրեն ու Մարգարիտը»՝ երևանյան բեմում