Ի՞նչ անենք՝ գնդակահարության հոդված սահմանե՞նք էներգետիկ ըմպելիքների վաճառքի համար. Բաբկեն Թունյան
Իրավունք
12:44 27/11/2024
Հայաստան

Ի՞նչ անենք՝ գնդակահարության հոդված սահմանե՞նք էներգետիկ ըմպելիքների վաճառքի համար. Բաբկեն Թունյան

«Օրինագծի նպատակն է 18 տարեկան անձանց առողջության պահպանման համար կոֆեին և տաուրին պարունակող էներգետիկ ըմպելիքների շրջանառության  սահմանափակման իրավական հիմքերի ստեղծումը»,-Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողվում ասաց ՔՊ-ական պատգամավոր Ալխաս Ղազարյանը՝ զեկուցելով իր և մի քանի այլ ՔՊ-ականների հեղինակած «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում և կից փաթեթում լրացումներ և փոփոխություններ կատարեկու մասին նախագիծը։

Նա տեղեկացրեց, որ դեռահասների շրջանում մոտ 40%-ը շաբաթական էներգետիկ ըմպելիքներ է օգտագործում։

«Նման ըմպելիքները չեն պարունակում առողջ սննդակարգի համար անհրաժեշտ որևէ սննդանյութ»,-ասաց Ալխաս Ղազարյանը։

Նախագծով առաջարկվում է արգելել 18 տարին չլրացած անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կամ որևէ այլ եղանակով իրացումը, ինչպես նաև դրանց վաճառքը ավտոմատ սարքավորումներով և տեխնիկական այլ միջոցներով և խախտումների դեպքում սահմանել պատժամիջոցներ։

Պատգամավորներն առաջարկում են օրենքում ավելացնել դրույթ՝ հետևյալ բովանդակությամբ. «Վաճառքի ցուցադրված էներգետիկ ըմպելիքները պետք է ապահովված լինեն առանձնացված սպառողական դարակաշարով (հատվածով)՝ «Էներգետիկ ըմպելիք» նշումով և պարունակեն «Խորհուրդ չի տրվում օգտագործել մինչև 18 տարեկան երեխաներին, հղիության և կրծքով կերակրելու ժամանակ, ինչպես նաև նյարդային բարձր գրգռվածությունից, անքնությունից, զարկերակային բարձր ճնշումից տառապող անձանց» ընթեռնելի գրառում և լինեն տեղադրված տեսանելի վայրում»:

«Հայաստան» խմբակկցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը նկատեց, որ պատժամիջոցներ նշանակելով տնտեսվարողներին չեն կարող ստիպել անչափահասին չվաճառել էներգետիկ ըմպելիք, դրա փոխարեն պետք է հասարակության շրջանում իրազեկում իրականացնել դրանց վտանգավորության մասին։

«Տուգանքի հետ կապված դա է հիմա մեխանիզմաը։ Այսինքն ինչ անենք՝ գնդակահարության հոդված սահմանենք, որ մարդիկ վախենան անչափահասին էներգետիկ ըմպելիք վաճառել»,-ասաց նիստը վարող և օրենքի համահեղինակ ՔՊ-ական Բաբկեն Թունյանը։

Ավետիսյանն էլ արձագանքեց, թե Թունյանը գլխիվայր շրջում է իր առաջարկությունը, իսկ ինքը ընդամենն առաջարկում է ոչ թե խստացնել պատիժն, այլ հասարակության հետ աշխատելու մեխանիզմներ մշակել։
 

Placeholder
Ի՞նչ անենք՝ գնդակահարության հոդված սահմանե՞նք էներգետիկ ըմպելիքների վաճառքի համար. Բաբկեն Թունյան