Մանկավարժական համալսարանում բացվելու է  հունգարագիտական կենտրոն
Կրթություն, գիտություն
17:41 02/12/2024
Հայաստան

Մանկավարժական համալսարանում բացվելու է հունգարագիտական կենտրոն

Դեկտեմբերի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հունգարիայի Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի պրոռեկտոր Քրիստիան Վինցեին, համալսարանի պատմության ինստիտուտի տնօրեն Շանդոր Ուզեին և հայագիտության ամբիոնի վարիչ Բալինտ Կովաչին՝ ուղեկցությամբ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանի։

Հանդիպմանը տիար Հովհաննիսյանը Նորին Սրբությանը տեղեկացրել է  ՀՊՄՀ և Կաթոլիկ համալսարանի միջև առկա փոխգործակցության մասին՝  ի մասնավորի անդրադառնալով վերջինիս հայագիտության ամբիոնի բեղուն գործունեությանը։

Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու գնահատանքն է փոխանցել հյուրերին Հայաստանի կրթական հաստատությունների հետ սերտ գործակցության և Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանում հայագիտական ուսումնասիրությունների խթանման ուղղությամբ տարվող աշխատանքների համար։

Իր հերթին պրոռեկտոր Քրիստիան Վինցեն Վեհափառ Հայրապետին ներկայացրել է համալսարանի գործունեության շրջանակները՝ շնորհակալություն հայտնելով ՀՊՄՀ և Կաթոլիկ համալսարանի միջև խորացող համագործակցությանն աջակցելու համար։ Պրոռեկտորը տեղեկացրել է նաև, որ առաջիկայում Մանկավարժական համալսարանի պատմության և հասարակագիտության ֆակուլտետում բացվելու է  հունգարագիտական կենտրոն։

Զրույցի ընթացքում Հայոց Հովվապետը անդրադարձ է կատարել  Հայաստանում տիրող իրավիճակին, արտաքին մարտահրավերներին և Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ Ադրբեջանի դատապարտելի նկրտումներին։ Նորին Սրբությունը նաև հիշել է 2021 թ. դեկտեմբերին Հունգարիայի իշխանությունների և Կաթոլիկ եկեղեցու գործադրած միջնորդական ջանքերը, որոնց շնորհիվ հնարավոր է եղել հայրենիք վերադարձնել Ադրբեջանում պահվող հինգ ռազմագերիների։

Հանդիպմանը մտահոգություն է արտահայտվել Արցախի մշակութային-հոգևոր ժառանգության ոչնչացման և յուրացման դեպքերի կապակցությամբ, կարևորվել է միջազգային հանրության գործուն աջակցությունը Ադրբեջանի նմանօրինակ քաղաքականության կանխման և պատանդառված ռազմագերիների ազատ արձակման գործում։

Placeholder
Մանկավարժական համալսարանում բացվելու է հունգարագիտական կենտրոն