Հաղպատի վանքի պարսպի փլուզված աշտարակը վերականգնվել է
Մշակույթ
17:49 04/12/2024
Հայաստան

Հաղպատի վանքի պարսպի փլուզված աշտարակը վերականգնվել է

Լոռու մարզի Ալավերդի համայնքի Հաղպատ վանական համալիրի արևմտյան պարսպապատի և աշտարակների նորոգման, ամրակայման և վերականգնման աշխատանքները ավարտվել են։ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, աշխատանքներն իրականացվել են իրենց պատվերով։

Վերականգնվել է երկրաշարժից փլուզված աշտարակը, արտաքինից բացվել են պատերի և աշտարակների հիմնամասերը, մաքրվել ջրաշիթով և մինչև սալվածքի նիշն ամրակայվել միաձույլ բարդ շաղախից մակադրումով:

Պատերի շարակարանները մաքրվել են բուսաճից, քայքայված դարզասվաղից և միջալիցքից, վերականգնվել են: Պատերի որոշ հատվածներ լրաշարվել են նմանատիպ որմածքով, պատերի վրա տեղադրվել է բազալտե անկանոն թերթաքարերով պաշտպանիչ ծածկաշերտ՝ ապահովելով ջրերի ուղղորդված հեռացումը և այլն։

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով Հաղպատի վանական համալիրի որոշ կառույցների, դրանց ծածկասալերի խիստ քայքայված վիճակը՝ նախարարությունը 2025 թ․ համար առաջիկայում կհայտարարի վանական համալիրի կառույցների նորոգման, ամրակայման և վերականգնման գիտանախագծային փաստաթղթերի կազմման մրցույթ, որին կարող են մասնակցել բարձրագույն «Գ» դասի արտոնագիր ունեցող ճարտարապետները։


Placeholder
Հաղպատի վանքի պարսպի փլուզված աշտարակը վերականգնվել է