ԵՄ-ն «լրացուցիչ միջոցներ կդիտարկի» Վրաստանի նկատմամբ
Քաղաքական
20:50 10/12/2024
Տարածաշրջան

ԵՄ-ն «լրացուցիչ միջոցներ կդիտարկի» Վրաստանի նկատմամբ

Դեկտեմբերի 16-ին արտաքին գործերի (ԱԳ) նախարարների խորհրդում Եվրամիությունը կքննարկի «լրացուցիչ միջոցները»՝ ի պատասխան Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների: Aliq.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է Եվրահանձնաժողովը:

«Մոտ երկու շաբաթ վրաց ժողովուրդը պաշտպանում է իր ժողովրդավարական և եվրոպական նկրտումները՝ բախվելով ոստիկանության դաժան, անօրինական ուժին»,- ասված է դեկտեմբերի 10-ին Եվրահանձնաժողովի արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության խոսնակ Անիտա Հիփերի հայտարարության մեջ։

Հայտարարության համաձայն՝ Եվրամիությունը դատապարտում է «ճնշիչ գործողությունները ցուցարարների, լրատվամիջոցների ներկայացուցիչների և ընդդիմության առաջնորդների նկատմամբ և պահանջում է անհապաղ ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին»։

Եվրամիությունն իշխող «Վրացական երազանք»-ին կոչ է անում դադարեցնել «համատարած ահաբեկումները, քաղաքական հետապնդումները, ենթադրյալ խոշտանգումները և քաղաքացիների նկատմամբ դաժան վերաբերմունքը»։

«Մենք կոչ ենք անում «Վրացական երազանք»-ին մեղմացնել և վերջ տալ այս իրավիճակին, որը մեծ գին է վրաց ժողովրդի համար: Բռնությունը պատասխան չէ Վրաստանի ժողովրդավարական և եվրոպական ապագայի վերաբերյալ ցուցարարների պահանջներին»,- ասված է հայտարարության մեջ:

Եվրահանձնաժողովի խոսնակի խոսքով՝ «Վրացական երազանք»-ի գործողություններն են Վրաստանի եվրաինտեգրման գործընթացի կասեցման պատճառ դարձել. «Ժողովրդավարական շարունակական հետընթացը և կառավարության կողմից վերջին շրջանում ռեպրեսիվ միջոցների կիրառումը հետևանքներ կունենան մեր երկկողմ հարաբերությունների վրա»:

Հիփերը հաստատել է՝ Վրաստանի հարցը ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն դեկտեմբերի 16-ին նախատեսված նախարարական հանդիպմանը և կորոշեն «լրացուցիչ միջոցները»։

Դեկտեմբերի 9-ին այս խնդրի մասին խոսել է նաև Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին։ Նրա խոսքով, վերջին օրերին Վրաստանում տեղի ունեցող զարգացումները պահանջում են Եվրամիության կողմից պատժամիջոցների կիրառում: Հերչինսկին նաև ասել է՝ առանց վիզայի ռեժիմի կասեցումը պատասխան միջոցներից մեկն է:

Placeholder
ԵՄ-ն «լրացուցիչ միջոցներ կդիտարկի» Վրաստանի նկատմամբ