Պանթյուրքիզմն է բխում Թուրքիայի ագրեսիվ ծավալապաշտական քաղականությունից. Կարեն Վրթանեսյան
Քաղաքական
12:55 16/12/2024
Տարածաշրջան

Պանթյուրքիզմն է բխում Թուրքիայի ագրեսիվ ծավալապաշտական քաղականությունից. Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը անդրադարձել է շաբաթ օրը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին միջոցառման ժամանակ շոշափված մի թեմայի՝ քաղաքագիտական շրջանակներում պանթյուրքիզմի ընկալումներին։

«Այս հարցում ես համակարծիք եմ Կիրո Մանոյանին, որ ոչ թե Թուրքիայի ծավալապաշտական ագրեսիվ քաղաքականությունն է բխում պանթյուրքիզմից, այլ պանթյուրքիզմն է բխում Թուրքիայի ագրեսիվ ծավալապաշտական քաղականությունից։

Պանթյուրքիզմը գործիք է։ Ավելի ճիշտ՝ գործիքներից միայն մեկը։
Տեսե՛ք...

Երբ պետք է ազդել հետխորհրդային տարածքի, Իրանի և Իրաքի թյուրքալեզու բնակչության վրա, թուրքերն օգտագործում են պանթյուրքիստական և մասամբ էլ պանթուրանիստական գաղափարները։

Երբ պետք է աշխատել սունիների հետ (ոչ միայն թյուրքախոս), միանգամից հիշում են Օսմանյան կայսրությունն ու խալիֆաթը, սուլթանին։

Ընդհանրապես մուսուլմանների հետ աշխատելիս էլ առաջ են մղում պանիսլամական գաղափարները, միաժամանակ Եվրոպային և ԱՄՆ-ին ներկայանալով որպես չափավոր իսլամի կողմնակիցներ (ինչը սակայն չէր խանգարում Էրդողանին աջակցելու Սիրիայում գործող ծայրահեղական խմբավորումներին)։

Իսկ Թուրքիայից Եվրոպա գաղթած թուրքերի հետ Էրդողանն աշխատում է ոչ միայն սունիական, այլև պահպանողական օրակարգերով (ավանդական ընտանիք ևն)։

Պահպանողականության, ինչպես նաև հակարևմտականության և եվրասիականության գաղափարները շահագործելով թուրքերն աշխատում են նաև Ռուսաստանի հետ, Դուգինի պես շառլատանների միջոցով։

Հակարևմտականության (անտիկոլոնիալիզմի փաթեթավորմամբ) գաղափարներով Թուրքիան աշխատում է նաև Աֆրիկայում։

Ի դեպ, երբ Էրդողանը նոր էր եկել իշխանության և զբաղված էր բանակը ջախջախելով, նա եվրոպական աջակցությունն ունենալու համար ներկայանում էր որպես ժողովրդավարության ջատագով։

Ինչու եմ այս ամենը թվարկում. փաստ է, որ պանթյուրքիզմը Թուրքիայի գործիքներից մեկն է միայն և հաստատ իր քաղաքականության առանցքը չէ։

Իշխանությունը պահելու համար եթե պետք լինի, Էրդողանը կոմունիստ էլ կդառնա։ Ինչպես մի պահ Քեմալն էր հայ-հայա բոլշևիկ դառնում...

Մի խոսքով, ասածս հետևյալն է. Թուրքիայի այսօրվա քաղաքականությունը շատ-շատ-շատ ավելի լայն է ու բազմաչափ, քան զուտ պանթյուրքիզմը»։

Placeholder
Պանթյուրքիզմն է բխում Թուրքիայի ագրեսիվ ծավալապաշտական քաղականությունից. Կարեն Վրթանեսյան