Իրականացվել է 306 մանկավարժների վերապատրաստում, 972 երեխայի  անվճար ուսուցում
Կրթություն, գիտություն
11:37 16/12/2024
Հայաստան

Իրականացվել է 306 մանկավարժների վերապատրաստում, 972 երեխայի անվճար ուսուցում

 «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը ամփոփել է 2024 թվականը՝ ներկայացնելով ծրագրեր, որոնց շրջանակներում կատարվել են 306 մանկավարժների վերապատրաստում, 972 երեխայի  անվճար ուսուցում․ 

«Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատանքը նպատակաուղղված է երեխաների հոգևոր և գեղագիտական դաստիարակությանը, նրանց կարողությունների բացահայտմանը և նախնական մասնագիտական հմտությունների ձեռքբերմանը:

2024 թվականին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը 972 երեխայի համար իրականացրել է անվճար ուսուցում արվեստի և արհեստների ոլորտներում:

Ուսուցումն իրականացվել է 146 խմբերում՝ ընդգրկելով հաշմանդամություն ունեցող, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, սոցիալապես անապահով և այլ խոցելի խմբերի երեխաներին: Տարվա ընթացքում կենտրոնի սաները հնրավորություն են ունեցել մասնակցելու բազմաբնույթ ստեղծագործական միջոցառումների, ներառական ծրագրերի, համերգների, փառատոների, մրցույթների, ճանաչողական և կրթական էքսկուրսիաների, ինչպես նաև վարպետաց դասերի:

«2024 թվականի կենտրոնի իրականացրած լայնածավալ ծրագրերից են եղել «Զատկական փառատոն» միջոցառումը,  որի նպատակն է ստեղծել մշակութային հարթակ երեխաների, պատանիների ինքնադրսևորման և ինտեգրման համար: «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական 11-րդ փառատոնը։ Այս փառատոնի նպատակն է հոգևոր և մշակութային երկխոսության միջոցով նպաստել հանրության մեջ սիրո, համերաշխության և մարդասիրական արժեքների տարածմանը: Ամեն տարի փառատոնը իր շուրջն է համախմբում տարբեր երկրներից կինոգործիչների, երաժիշների, հոգևորականների, հոգեբանների, ուսանողների և այլ արվետի ներկայացուցիչների: Հաջորդիվ պետք նշել  «Քո արվեստը դպրոցում» հանրապետական  և «Կամավորի ներառական դպրոց» ծրագրերը, որոնք ևս իրականացվել են կենտրոնի կողմից»,- նշում է Աննա Կարապետյանը։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ կենտրոնն իրականացրել է նաև «Ներառականությունը մշակութային կրթության ոլորտում» խորագրով ծրագիրը: Ծրագրի նպատակն էր ապահովել մանկավարժների ներառական դասավանդման հմտությունների զարգացումը և հաշմանդամություն ունեցող երեխաների հետ աշխատելու նոր գիտելիքների և հմտությունների ձեռքբերումը:

Ծրագրի հիմնական ուղղություններն էին՝ կարծրատիպերի վերացում հաշմանդամություն ունեցող երեխաների նկատմամբ, կրթության իրավունքի հավասար պայմանների ապահովում, ներառական կրթության առանձնահատկությունների, բազմազանության, իրավական դաշտի, միջավայրի հարմարեցման և մատչելիության մեխանիզմների վերաբերյալ գիտելիքների տրամադրում, մանկավարժական հոգեբանության և էթիկայի, ինչպես նաև միջազգային փորձի ու մեթոդաբանության ուսումնասիրություն:Կենտրոնի տնօրենն ընդգծում է՝ ծրագրի շրջանակում 306 մանկավարժներ մասնակցեցին տեսական և գործնական դասընթացների, որոնք անցկացվեցին Երևանում և ՀՀ Լոռու, Շիրակի, Կոտայքի, Արարատի ու Արագածոտնի մարզերում: Դասընթացներին ներգրավված էին երաժշտական, արվեստի, գեղարվեստի, պարարվեստի դպրոցներում և ստեղծագործական կենտրոններում դասավանդող մանկավարժներ:
Ինչպես նշում է Աննա Կարապետյանը՝ կենտրոնի իրականացրած ծրագրերից յուրաքանչյուրի նպատակը մեկն է՝ նպաստել երեխաների ներառմանը հասարակական կյանքում, նրանց ստեղծագործական կարողությունների զարգացմանը և մշակութային կրթության ոլորտում ներառականության ընդլայնմանը:

Կենտրոնը գործում է ոչ միայն Երևանում, այլ նաև ՀՀ Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի և Արարատի մարզերում»,-ասվում է հաղորդագրության մեջ:
 

Placeholder
Իրականացվել է 306 մանկավարժների վերապատրաստում, 972 երեխայի անվճար ուսուցում