Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան
Քաղաքական
11:42 26/12/2024
Հայաստան

Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան

«Բաքվի բանտերում գտնվող 16 հայ ռազմագերիներ դեռևս չեն դատապարտվել, քրեական գործերն ընթացքում են»,- «Մեդիա կենտրոնում» «Քաղաքական դատավարությունները Բաքվում. ի՞նչ է սպասվում Ռուբեն Վարդանյանին և Արցախի նախկին ղեկավարներին» թեմայով ասուլիսում ասաց Արցախի նախկին պետնախարար, մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը։

Նա նշեց, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի մասով հատուկ ուշադրություն կա Ադրբեջանի իշխանությունների և միջազգային կառույցների կողմից. «Կարծես թե ադրբեջանական իշխանությունները բացասական առումով հատուկ  վերաբերմունք են ցուցաբերում, իհարկե, բոլոր քաղաքական ղեկավարների հանդեպ, բայց, հատկապես, Վարդանյանի հանդեպ»։

«Բոլոր գործերը կարված են՝ հաշվի առնելով ռազմաքաղաքական ղեկավարության դեմ ինչ մեղադրանքներ են ներկայացված։ Դրանք հիմնականում ներառում են ահաբեկչության կազմակերպում, ֆինանսավորում, իսկ Արցախի ժողովրդի պայքարը որևէ ձևով հնարավոր չէ ահաբեկչության մեջ տեղավորել, քանի որ այն, ինչ որ ռազմական է եղել, ինքնապաշտպանություն է եղել, մնացածն ամբողջապես քաղաքական է եղել։ Նույն ռազմական պայքարն ինքնապաշտպանության կոնտեքստում էլի մեր քաղաքական իրավունքների, հավաքական ու անհատական իրավունքների պաշտպանության համար է եղել։

Ռուբեն Վարդանյանը, նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, մնացած ղեկավարներն այս քաղաքական պայքարի դեմքերից, առաջնորդներից են եղել, իրենք այնտեղ են, որովհետև ղեկավարել են,  առաջնորդել են մեր քաղաքական պայքարը 90-ականներից ի վեր»,- ասաց Ա. Բեգլարյանը։

Placeholder