Կառվարությունը որոշել է մտնել ձախողված պրոցեսի մեջ․  Թեհմինե Ենոքյանը՝  «Լիդիան Արմենիա»-ի և Կառավարության գործարքի մասին
Տնտեսություն
15:48 28/12/2024
Հայաստան

Կառվարությունը որոշել է մտնել ձախողված պրոցեսի մեջ․ Թեհմինե Ենոքյանը՝ «Լիդիան Արմենիա»-ի և Կառավարության գործարքի մասին

«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի և ՀՀ կառավարության միջև գործարքը մտահոգիչ է, քանի որ պետությունը ձախողված ընկերության հետ կիսելու է պատասխանատվությունը։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Կանաչ Հայաստան» բնապահպանական, կրթական ՀԿ-ի նախագահ  Թեհմինե Ենոքյանը։

Նշենք, որ այսօր ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով որ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսը փոխանցվեցին ՀՀ կառավարությանը։ Գերատեսչության հաղորդագրության մեջ նշված է, որ պրոյեկտով արդեն իսկ իրականացվել է 500 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, նախատեսվում է ևս 250 մլն դոլարի ներդրում իրականացնել։ Ամուլսարի հանքի շինարարական աշխատանքները կսկսվեն առաջիկա եռամսյակում, իսկ բուն շահագործումը նախատեսվում է 2025 թվականի չորրորդ եռամսյակում:

«Բնապահպանական, առողջապական, քաղաքական տեսակետից Կառվարությունը որոշել է մտնել այդ ձախողված պրոցեսի մեջ։ Սա այն պարագայում, երբ ՎԶԵԲ-ը, միջազգային ֆինանսական կորպորացիան, Եվրասիական զարգացման բանկը հրաժարվել են այս ընկերությանը գումար տրամադրել ՝ հաշվի առնելով բոլոր առկա ռիսկերը»,- ասաց Ենոքյանը։

ՀԿ ներկայացուցիչը նաև մեջբերեց վերջերս հրապարակված Վարչական դատարանի որոշումը,որով որով 9 տարի տևած դատական գործընթացից հետո մասամբ բավարարվել է Ամուլսարում ոսկու հանք շահագործելու ծրագրի վերաբերյալ ՀՀ քաղաքացիների բողոքը։

«Դատարանը համարեց, որ ՇՄ նախարարությունը փորձաքննություն չի իրականացրել։ Այսինքն՝ փորձաքննության ուժը կորցված է ճանաչվել։ Դատարանի որոշումն  ուժի մեջ մտնելուն պես ներդրողները կորցնելու են իրենց գումարները։ Բացի դրանից, ՀՀ կառավարությունի չի կարող լինել և՛ բաժնետեր, և ՀՀ բանկերից գումար բերող և ներդրող ընկերության մեջ։ Սրանք երկու միմյանց հակասող պրոցեսներ են և հակասում են միջազգային ֆինանասական ինստիտուտների նորմերին։ Կա բանկերի գործունեությունը վերահսկող կառույց ՝ IMF-ը, որին մենք նամակ ենք ուղարկելու՝ տեղեկացնելով այս ամենի մասին»,- ասաց Ենոքյանը՝ շարունակելով․ «Մենք իրավական դաշտում զրոյացրել են ընկերությանը տրված ՇՄԱԳ փորձաքննությունը։ ՀՀ վարչական դատարանը համարում է , որ փորձաքննություն տեղի չի ունեցել։ Այն մասնագետները, որոնք իրականացրել են փորձաքննությունը, դատարանում հարցաքննության ընթացքում ասել են, որ իրենք ոչ մի բանի մասնագետ են։ Այս ամենն արձանագրված է, տեսագրված։ Նրանք ընդամենը այստեղից-այնտեղից կարծիքները հավաքել են համադրել ու 10 էջով փորձաքննություն ներկայացրել։ Սա հակասում է փորձաքննության մասին օրենքին։ Այսինքն՝ մեզ հաջողվեց ապացուցել, որ փորձաքննություն իրականում տեղի չի ունեցել»,- նշեց Թեհմինե Ենոքյանը։

Նա նաև ընդգծեց, որ դատարանի վճիռը թարգմանվում է  անգլերեն, որով կկիսվեն միջազգային գործընկերների հետ։

«Անելու ենք բոլոր հնարավոր միջոցները, որով կկարողանանք կանխարգելել այս գործընթացը։ ՀՀ Կառավարությունն այս մոլորակի վրա է գտնվում և չի կարող չենթարկվել գործող նորմերին։ Եթե կա դատական ակտ, ապա այն  վաղը մյուս օրն ուժի մեջ կմտնի։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ այն ուժի  մեջ մտնի և կիրառությունն ապահովի»,- եզրափակեց մեր զրուցակիցը։
  
 

Placeholder
Կառվարությունը որոշել է մտնել ձախողված պրոցեսի մեջ․ Թեհմինե Ենոքյանը՝ «Լիդիան Արմենիա»-ի և Կառավարության գործարքի մասին