Ակնկալում ենք Ջալալ Հարությունյանի նկատմամբ համարժեք, խիստ պատիժ. Փաստաբան
Իրավունք
11:36 17/01/2025
Հայաստան

Ակնկալում ենք Ջալալ Հարությունյանի նկատմամբ համարժեք, խիստ պատիժ. Փաստաբան

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանին սպառնում է 4-8 տարի ազատազրկում։

«Մեղադրական վերդիկտը մեզ բավարարում է։ Մենք կտեսնենք, թե դատարանը վերջնական ինչ պատիժ է նշանակում։ Եթե տուժող կողմին չբավարարեց, կբողոքարկենք։ Ակնկալում ենք համարժեք, խիստ պատիժ՝ առավելագույն չափով»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց տուժող կողմի փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գարիկ Աբելյանի նախագահությամբ, երկու օր առաջ մեղադրական վերդիկտ է կայացրել՝ Ջալալ Հարությունյանին մեղավոր ճանաչելով ՀՀ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով։

550 հոդվածը վերաբերում է Զինվորական պաշտոնեական անփութությանը, հոդվածի  3-րդ մասը սահմանում է. «Հրամանատարի (պետի) կամ պաշտոնատար անձի կողմից իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով դրանք չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, կամ որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով»։

Տուժող կողմի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը մանրամասնեց, ծանր հետևանքը 20 զինծառայողների՝ Ցորի զորամասի հրետանավորների զոհվելն է, զինտեխնիկայի կորուստը։ 

«Քանի որ դեպքը տեղի է ունեցել 2020 թվականի հոկտեմբերի 12-ին, երբ գործում էր նախկին Քրեական օրենսգիրքը, դրա 375 հոդվածի 3-րդ հոդվածը նախատեսում էր պատիժ 4-8 տարի ժամկետով։ Ծանրացման իմաստով օրենքը հետադարձ ուժ չունի, Ջալալ Հարությունյանի նկատմամաբ պատիժ նշանակելիս դատարանը պետք է ղեկավարվի  նախկին օրենքով՝ 4-8 տարի ժամկետով»,-ասաց նա։

Հունվարի 23-ին կայանալիք դատալսումների ժամանակ արդեն կքննարկվի պատժաչափի հարցը։

Placeholder
Ակնկալում ենք Ջալալ Հարությունյանի նկատմամբ համարժեք, խիստ պատիժ. Փաստաբան