«Հրապարակ». Փաշինյանը շարունակում է երկու լարի վրա խաղալ
Օրվա մամուլ
09:20 18/01/2025
Հայաստան

«Հրապարակ». Փաշինյանը շարունակում է երկու լարի վրա խաղալ

«Հրապարակ» թերթը գրում է.

Երեկ կեսօրին կառավարությունը հաղորդեց, որ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Զրուցակիցները քննարկել են Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի Հանրապետության նախագահության արդյունքները, առաջիկա անելիքները ԵԱՏՄ շրջանակներում, ինչպես նաև Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի մի շարք հարցեր»։

Ավելի ուշ՝ Կրեմլը հաղորդագրություն տարածեց, որից պարզ դարձավ, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ, ինչի մասին ակնարկ անգամ չկա վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։ Ըստ ռուսական կողմի՝ Նիկոլ Փաշինյանը պարզաբանումներ է տվել Վլադիմիր Պուտինին. «Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է Եվրոպական միության հետ հարաբերությունների համատեքստում Երևանի վերջին քայլերի հետ կապված իրավիճակը։ ՌԴ ղեկավարը տվել է համապատասխան մեկնաբանություններ և գնահատականներ»,- ասված է Կրեմլի հայտարարության մեջ։

Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը շարունակում է երկու լարի վրա խաղալ, նախ համաձայնություն է տալիս ԵՄ-ին Հայաստանի անդամակցության նախագծին, ապա ռուսական կողմի նախազգուշացումներից հետո, հավանաբար, փորձում կրուտիտներ անել ու արդարանալ, որ այդ ամենը ՌԴ-ի դեմ չէ։ Մենք գրել ենք, որ ռուսական կողմի սպառնալիքները, մասնավորապես, կամ՝ ԵՄ, կամ՝ ԵԱՏՄ-ը երկընտրանքի պարտադրումը լուրջ անհանգստություններ են առաջացրել Փաշինյանի մոտ։

Նա անցած շաբաթ հավաքել է որոշ թիմակիցների և Իջևանում քննարկում անցկացրել, թե ինչպես կարելի է շրջանցել ՌԴ-ի հնարավոր սահմանափակումների հետևանքով մեզ սպառնացող լրջագույն հարվածները։ Սակայն, ըստ էության, ելքեր չեն առաջարկել և Փաշինյանը, հայտնվելով անելանելի վիճակում, սեփական նախաձեռնությամբ որոշել է խոսել «ցարի» հետ, պարզաբանել վիճակը և մեղմել հարվածները։ Ի դեպ, նախապես տեղեկություն կար, որ խորհրդարան ուղարկված ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ հանրաքվեի նախագիծը պետք է առաջին՝ հունվարի 20-ի նիստին  ընդունվի, սակայն այն ԱԺ լիագումար նիստի օրակարգում անգամ չի ընդգրկվել»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Placeholder