Անցած տարի մահացած ձեռնարկատեր  Գուսովի ընտանիքը «Ջերմուկ-Գրուպ»-ից պահանջում է 1. 5 մրդ ռուբլի փոխհատուցում
Իրավունք
14:24 20/01/2025
Հայաստան

Անցած տարի մահացած ձեռնարկատեր Գուսովի ընտանիքը «Ջերմուկ-Գրուպ»-ից պահանջում է 1. 5 մրդ ռուբլի փոխհատուցում

Անցած տարի փետրվարի 13-ին «Ջերմուկ» հանքային ջուր խմելուց հետո մահացած ձեռնարկատեր, բարեգործ Օլեգ Գուսովի ընտանիքը հայաստանյան ընկերությունից պահանջում է 1.5 մլրդ ռուբլի նյութական ու բարոյական փոխհատուցում։ Դրանից 5 մլն ռուբլին ծախսվել  է սանավիացիայի միջոցով Գուսովին Մոսկվայի հիվանդանոցներից մեկը տեղափոխելու համար։

«Տարածած հայտարարության մեջ նշվում է, որ հատկապես երկրորդ դստեր՝ Ալբինայի համար հայրը կյանքի իմաստն էր, հենց նա էր դարձել դստեր երիկամի դոնորը»,-գրում է  «Կոմերսանտ»-ն ու հայտնում, որ մահվան հանգամանքների վերաբերյալ քննությունը դեռ չի ավարտվել, հայկական կողմին՝ տեսչական մարմիններին հարցեր են ուղարկվել, որոնց պատասխանը դեռ չեն ստացել։

Նշվում է, որ անցած տարի փետրվարի 11-ին Օլեգ Գուսովը Վլադիկավկազի «Ֆարն» շուկայից գնել է 12 ապակե շշով հանքային ջուր փաթեթավորված վիճակում։ Մեկ ժամ անց իր տան մոտ բացել է շշերից մեկն ու կում արել, ինչից հետո նրա ինքնազգացողությունը վատացել է, երկու օր անց մահացել է։

Փորձագիտական եզրակացության համաձայն, նրա մահվան պատճառ է դարձել «քիմիական տրավմայի հետևանքով առաջացած էկզոտոքսիկ շոկը՝ այն է կաուստիկ հեմոլիտիկ թույնով (քացախաթթու) թունավորումը։ Քիմիական վնասվածքն առաջացրել է բերանի, կոկորդի, կերակրափողի, ստամոքսի և այլնի լորձաթաղանթի այրվածքներ։

Նշվում է, որ Օլեգ Գուսովը շինարարության ոլորտում հայտնի ձեռնարկատեր է, բարեգործ, նրա հուղարկավորությանը 5 հազար մարդ է մասնակցել։

Տուժող կողմը պնդում է ոչ միայն փոխհատուցում տրամադրել, այլև պահանջում է դադարեցնել հանքային ջրի վաճառքը, քանի դեռ պաշտոնապես չի պարզաբանվել, թե ինչպես է դրա փոխարեն քացախաթթուն հայտնվել շշում։

Ըստ աղբյուրի, իրենց հարցերին «Ջերմուկ Գրուպ» ընկերությունից չեն պատասխանել։ Ընկերությանն ուղղված Panorama.am-ի զանգերն էլ անպատասխան մնացին։

Էկոնոմիկայի նախարարությունից «Արմենպրես»-ին հայտնել են, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգումների արդյունքներով ապացուցել է, որ «Ջերմուկ» հանքային ջուրը համապատասխանում է միջազգային ստանդարտներով սահմանված պահանջներին և նախատեսված է սննդի մեջ օգտագործելու համար:

«Որևէ ընկերության դեմ դատական հայց ներկայացնելն անձի կամ նրա իրավահաջորդների որոշման տիրույթում գտնվող հարց է, որը նախարարությունը չի կարող մեկնաբանել։ Ինչ վերաբերում է հայցի բուն նյութին, ապա ՍԱՏՄ-ն ռուսական կողմին է ներկայացրել համապատասխան ապացույցներ՝ հիմնված ստուգումների վրա, որոնք ապացուցել են, որ «Ջերմուկ» հանքային ջուրը համապատասխանում է միջազգային ստանդարտներով սահմանված պահանջներին և նախատեսված է սննդի մեջ օգտագործելու համար։

Հայկական կողմի ապացույցների բավարար լինելը վկայում է այն մասին, որ ՌԴ ամբողջ տարածքում «Ջերմուկ» ՓԲԸ-ի նկատմամբ կիրառված արգելքները վերացվել են։ Կարծում ենք, որ արդար դատաքննությունը ևս մեկ անգամ կփաստի ընկերության անմեղությունը»,-նշել են նախարարությունից։

Placeholder
Անցած տարի մահացած ձեռնարկատեր Գուսովի ընտանիքը «Ջերմուկ-Գրուպ»-ից պահանջում է 1. 5 մրդ ռուբլի փոխհատուցում