Մոսկվայում Միրզոյանին հարցրել են ԵՄ մտնելու օրինագծի մասին
Քաղաքական
16:38 21/01/2025
Աշխարհ

Մոսկվայում Միրզոյանին հարցրել են ԵՄ մտնելու օրինագծի մասին

«Հայաստանի ԵՄ անդամակցության վերաբերյալ օրինագիծը քաղաքացիական նախաձեռնություն է ու չի ներառում հստակ ժամկետներ ու մեխանիզմներ»,-այս մասին հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ Սերգեյ Լավրովի հետ բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրան հարցրել են՝ Հայաստանը ի՞նչ ժամկետներում հույս ունի անդամակցել ԵՄ-ին և ինչպե՞ս է համատեղելու ԵՄ-ին ու ԵԱՏՄ-ին անդամակցությունը։

«Նախագիծը հրապարակային փաստաթուղթ է։ Կարող եք նայել, եթե դեռ չեք նայել։ Այնտեղ առայժմ որևէ ժամկետների, մեխանիզմների մասին խոսք չկա։ Ուզում եմ հիշեցնել, որ դա քաղհասարակության նախաձեռնություն է։ Կազմակերպությունը հավաքել է 50 հազար ձայն, ինչպես սահմանված է ՀՀ Սահմանադրությամբ։ Հիմա այդ նախաձեռնությունը ավտոմատ կերպով դարձել է օրինագիծ ու կքվեարկվի խորհրդարանում։ Կառավարությունը հավանություն է տվել նախագծին»,-ասել է Միրզոյանը։

Նրա խոսքով, ենթադրվում է, որ իշխող մեծամասնությունը կքվեարկի կողմ։

«Օրենքի մասին առայժմ այսքանը։ Թե ինչ կլինի հետո, մենք կպարզենք ավելի ուշ: Այս օրենքը այլ բան չի նախատեսում։ Տեսաբաններն ու  գործիչները նշում են, որ հակասություն կա (ԵՄ-ին ու ԵԱՏՄ-ին անդամակցության համատեղելու առումով-խմբ.)։ Ես չէ, որ պետք է դատեմ այդ մասին։ Նոր բան հորինել չեմ կարող, եթե հարցն այդ առանցքով դրվի, գուցե,  դիտարկելու հարկ կլինի»,-նշել է  Միրզոյանը։

Պատասխանելով այն հարցին, թե ո՞րն է  Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունների բարդացման պատճառը, Լավրովն ասել է. «Ես չգիտեմ մի երկիր, որի հետ հարաբերությունները որակեմ հեշտ։ Ինքներդ պատկերացրեք, X երկրի հետ ունենք պարզ հարաբերություններ։ Բայց այդպես չի լինում։ Ցանկացած հարաբերություններում կան հարցեր, որոնք լուծումներ են պահանջում։

Ինչքան մոտ են երկրները, ժողովուրդները, այնքան հարուստ է նրանց համագործակցությունը բոլոր ոլորտներում՝ քաղաքական, անվտանգության, տնտեսական, հումանիտար, մշակութային։ Ինչքան հարուստ են հարաբերությունները, այնքան շատ միջոցառումներ են  անցկացվում, այնքան շատ հարցեր են առաջանում»։

Placeholder