«Հրապարակ». Չի բացառվում, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովն առանց փոխնախագահի մնա
Օրվա մամուլ
09:00 23/01/2025
Հայաստան

«Հրապարակ». Չի բացառվում, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովն առանց փոխնախագահի մնա

«Հրապարակ» թերթը գրում է.

«ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահի պաշտոնում Արսեն Թորոսյանի ընտրությունից հետո ՔՊ-ականները գուշակություններ էին անում, թե ով է դեմ քվեարկել նրա թեկնածությանը` դեմ գնալով քաղաքական որոշմանը։ Գաղտնի քվեարկությամբ Թորոսյանը ստացել էր 64 կողմ, 1 դեմ, ընդդիմադիրները չէին մասնակցում քվեարկությանը: Չեն մասնակցել նաև ՔՊ-ից հեռացած Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը:

ՔՊ-ն փնտրում էր «դավաճանին», և շատերի համար թիվ մեկ կասկածյալը Լուսինե Բադալյանն է, որը հանձնաժողովի նախկին նախագահ Նարեկ Զեյնալյանի հեռանալուց հետո հրաժարվել է փոխնախագահի պաշտոնից և ոմանց մոտ անկեղծացել, թե չի կարող Թորոսյանի տեղակալը դառնալ, քանի որ մինչև վերջերս քննադատել է առողջապահության ոլորտում նրա վարած քաղաքականությունը։

Ի դեպ, Բադալյանին հնարավոր փոխարինող է դիտվում հանձնաժողովի անդամ, գյումրեցի Էմմա Պալյանը, սակայն ՔՊ-ում նրա թեկնածությանն այնքան էլ միանշանակ չեն վերաբերվում: Չի բացառվում, որ հանձնաժողովն առանց փոխնախագահի մնա` այն հանձնաժողովների նման, որտեղ պետք է փոխնախագահի պաշտոններն ընդդիմության քվոտայով համալրվեին, սակայն ընդդիմությունը հրաժարվեց այդ պաշտոններից»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Placeholder
«Հրապարակ». Չի բացառվում, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովն առանց փոխնախագահի մնա